Երևանի դպրոցների 2 ուսուցիչներ վերապատրաստել են Աբխազիայի հայկական 25 դպրոցների ուսուցիչների
SocietyՀՀ սփյուռքի նախարարի պաշտոնակատար Հրանուշ Հակոբյանն ապրիլի 12-ին ընդունել է Աբխազիայից վերադարձած ուսուցիչներ՝ Երևանի.Վարուժանի անվան թիվ 89 հիմնական դպրոցի դասվար Քրիստինե Մուշեղյանին և Պեյո Յավորովի անվան թիվ 131 հիմնական դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Նաիրա Զաքարյանին, ովքեր մարտի 23-ից ապրիլի 2-ը Աբխազիայի Սուխում քաղաքում իրականացրել են հայկական 25 դպրոցների տարրական դասարանների դասվարների և հայոց լեզվի ու գրականության ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը: Վերապատրաստման դասընթացներին մասնակցել են 65 դասվար և հայոց լեզվի և գրականության 29 ուսուցիչ:
Այս մասին տեղեկացրին ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչությունից՝ հավելելով. «Ողջունելով հյուրերին՝ Հրանուշ Հակոբյանը շնորհակալություն հայտնեց կատարված աշխատանքի համար, կարևորեց երիտասարդ սերնդի ազգային նկարագրի, ինքնության պահպանության խնդիրները, ուսուցիչների վերապատրաստումը, կրթական գործի ճիշտ կազմակերպումը համայնքներում:
Նաիրա Զաքարյանը շնորհակալություն հայտնեց ծրագրին մասնակցելու հնարավորության համար ու հավելեց. «Այս կարևոր նախաձեռնությունն իրականացվեց ՀՀ Սփյուռքի նախարարության և Հայաստանի կրթական ոլորտի պատասխանատուների համատեղ աշխատանքի, Աբխազիայի հայկական համայնքի ղեկավար Գալուստ Տրապիզոնյանի և կրթության հանձնաժողովի նախագահ Խաչիկ Մինասյանի համառ ջանքերի շնորհիվ: Հայ լինելը պատվաբեր է, հայ մնալը Սփյուռքում՝ հերոսություն: Հայապահպանության դժվարին գործն իրականացվում է նաև հայկական պետական դպրոցները պահպանելով»:
Ուսուցիչները նշեցին, որ վերապատրաստման ծրագիրը խիստ անհրաժեշտ էր, և այն շարունակական դարձնելու կարիք կա։ Գործուղման ընթացքում դպրոցների քույրացման հուշագրեր ստորագրվեցին Երևանի Պեյո Յավորովի անվան թիվ 131 հիմնական և Սուխումի Հովհ. Թումանյանի անվան թիվ 9, Երևանի Դանիել Վարուժանի անվան թիվ 89 և Գագրայի Խաչատուր Աբովյանի անվան փիվ 3 դպրոցների միջև:
Անդրադարձ կատարվեց դպրոցական ծրագրերի, դասագրքերի, ուսուցիչների շարունակական վերապատրաստման հարցերին»: