Նկարիչների միություն տեղի ունեցավ «Ակվարել» հանրապետական ցուցահանդեսը
CultureՆկարիչների միություն ապրիլի 12-ին տեղի ունեցավ «Ակվարել» հանրապետական ցուցահանդեսը:
Նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը փաստեց, որ Խորհրդային ժամանակներից հետո ակվարելի ցուցահանդես միությունում մինչ օրս չէր կազմակերպվել: Իր համար ուրախալի հանգամանք է, որ դեռ կան այնպիսի նկարիչներ, ովքեր աշխատում են այս ոճով: Իսկ նրանք քիչ չեն: Մասնակցության հայտ էին ներկայացրել 100-ից ավելի նկարիչներ, բայց, հանձնաժողովի ընտրությամբ եզրափակիչ փուլ անցել էին 50-ը: Ընդհանուր առմամբ ցուցադրվել էր մոտ 90 աշխատանք: «Բոլոր աշխատանքները չէ, որ այսօր ներկայացրել ենք: Հանձնախմբի կողմից մոտ հինգ տասնյակ նկարներ են մերժվել: Մեծամասամբ այն պատճառով, որ դրանք հեռու էին ջրաներկ հասկացողությունից: Նկարիչներն աշխատելիս օգտագործել էին նաեւ գուաշ եւ այլ տեխնիկաներ»: Աղամյանի համոզմամբ ակվարելը բարդ, բայց նաեւ շատ գեղեցիկ ու ճիշտ նկարչական տեխնիկա է: Մեզ հետ զրույցում հատկապես առանձնացրեց Բորիս Հակոբյանի նկարները:
Վերջինիս մասին դրական արտահայտվեց նաեւ գեղանկարիչ Փարավոն Միրզոյանը: Նրա խոսքերով, մեր նկարչական արվեստում թույլ է արտահայտված կամ ընդհանրապես բացակայում է ակվարելի ու ջրաներկի մշակույթ ասվածը: Աշխատելով այս ոճով, ասում է, նկարիչը կարող է գտնել իր «լեզուն». «Օրինակ բերեմ Հակոբյանի գործերը: Պրոֆեսիոնալ վարպետ է նա: Շատ կարեւոր է, որ այսպիսի ցուցահանդեսներ են կազմակերպվում: Պետք է կրկնվեն գոնե երկու կամ երեք տարին մեկ, որպեսզի նկարիչների մոտ էլ ավելի վառ արտահայտվի նոր կտավներ ստեղծելու միտումը»:
Բորիս Հակոբյանը ջրաներկով աշխատելու հարուստ փորձառություն ունի: Լսել էր պետք, թե ինչպես էր նկարագրում վրձնի եւ ջրաներկի «մերձեցումը». «Ներկն այնպես է տարածվում, ասես աշխատում է նկարչի հետ հավասար: Միշտ չէ, որ ես եմ ղեկավարում իմ միտքը: Նյութն էլ իր ասելիքն է պարտադրում: Մեկ-մեկ թե` «արի ինձ հետ այսպես վարվիր»: Աշխատելը միանշանակ բարդ է այս նյութով: Այն չի ներում անփութություն ու մեծամտություն: Հենց մտածեցիր վարպետ ես, նա քեզ կհիասթափեցնի: Խիստ է իր բոլոր դրսեւորումներով, բայց նաեւ ջինջ է մեղմ, բարի»:
Նկարիչների միության գեղանկարի սեկցիայի նախագահ, գեղանկարիչ Համլետ Ասատրյանն էլ ընդգծեց, որ ակվարելը թեեւ բարդ է, բայց հմայիչ տարբերությամբ է աչքի ընկնում մյուս ոճերից: Ցուցահանդեսին ներկայացրել էր երկու աշխատանք` բնանկար եւ դիմանկար:
Ցուցահանդեսը կգործի տասը օր: