Ժայռապատկերներ, հայկական տառեր և խորհրդանիշեր. Պրահայում գործում է Արաքսիա Ղազարյանի «Մեր ակունքները» ցուցահանդեսը
CultureՊրահայի հեղինակավոր «Յակուբսկա» ցուցասրահում ապրիլի 11-ին տեղի է ունեցել նկարչուհի Արաքսիա Ղազարյանի «Մեր ակունքները» խորագրով անհատական ցուցահանդեսի բացման արարողությունը, որը կազմակերպել էին Չեխիայի ՀՀ դեսպանությունը և «Յակուբսկա» ցուցասրահը: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից՝ հավելելով. «Ցուցահանդեսի բացմանը ներկա էին Չեխիայում հավատարմագրված օտարերկրյա դիվանագետներ, խորհրդարանականներ, պաշտոնյաներ, արվեստագետներ և հայ համայնքի ներկայացուցիչներ:
Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկան Չեխիայի Հանրապետությունում ՀՀ դեսպան Տիգրան Սեյրանյանը, ցուցահանդեսի հեղինակը և Յակուբսկա ցուցասրահի հիմնադիր-տնօրեն, հայտնի նկարիչ Ալեքսանդր Օնիշչենկոն:
Դեսպան Սեյրանյանն իր ելույթում նախ երախտագիտության խոսք հղեց ցուցասրահի տնօրինությանն ու անձնակազմին` հայաստանցի նկարչուհու ցուցահանդեսի համակազմակերպիչը հանդիսանալու համար` գոհունակություն հայտնելով արդեն ավանդույթ դարձած համագործակցության առթիվ:
Արաքսիա Ղազարյանն իր հերթին երախտագիտության խոսք հղեց ցուցահանդեսի կազմակերպիչներին, ներկայացրեց ցուցահանդեսի էությունը, բացատրեց թեմայի ընտրության պատճառը և ներկայացրեց իր ստեղծագործությունները, որոնցում հատուկ տեղ է տրված ժայռապատկերների, հայկական տառերի և խորհրդանիշերի թեմաներին:
Ցուցահանդեսի բացման պաշտոնական մասի ավարտին ողջույնի խոսքով հանդես եկավ նաև ցուցասրահի հիմնադիրը` նկարիչ Ալեքսանդր Օնիշչենկոն, ում ստեղծագործությունները 2017 թվականին ցուցադրվել էին Երևանում: Ցուցահանդեսը կշարունակվի մինչև ապրիլի 19-ը:
Տեղեկանք. Արաքսիա Ղազարյանը, ով դասավանդում է Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայում, հայտնի է իր գունեղ ստեղծագործություններով և բազմաշերտտեխնիկայի օգտագործմամբ: Նկարչուհու գործերը ցուցադրվել են ինչպես Հայաստանում, այնպես էլ Հայաստանից դուրս, մասնավորապես` Բելգիայում, Իտալիայում, Մոնակոյում, Իռլանդիայում, ԱՄՆ-ում և Սինգապուրում»: