ՌԴ Պետդումա է ներկայացվել ԱՄՆ-ի դեմ պատասխան պատժամիջոցների մասին օրինագիծը
International newsՌԴ Պետական դումա է ներկայացվել ԱՄՆ-ի եւ այլ պետությունների դեմ պատասխան պատժամիջոցների մասին օրինագիծը, լրագրոներին հայտնել է խորհրդարանի ստորին պալատի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը: Նրա խոսքով՝ փաստաթուղթը ներկայացրել է անձամբ ինքը եւ խորհրդարանական 4 խմբակցությունների ղեկավարները՝ «Եդինայա Ռոսիայի», ՌԴ Կոմունիստական կուսակցության, Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության եւ «Սպրավեդլիվայա Ռոսիայի»: Այս պահին փաստաթուղթը գրանցվել է Պետդումայի էլեկտրոնային բազայում, հայտնում է «Վեդոմոստին»:
«Օրինագիծը մշակվել է որպես պատասխան միջոց Ամերիկայի Միացյալ Նահանգների մարտահրավերներին, նրա պաշտոնատար անձանց, որոնք արտահայտվել են ոչ բարեկամական եւ ոչ կառուցողական գործողություններով, պատժամիջոցների սահմանմամբ ինչպես ընդհանրապես Ռուսաստանի Դաշնության, այնպես էլ նրա քաղաքացիների եւ իրավաբանական անձանց դեմ»,- հայտարարել է Վոլոդինը:
Օրինագիծը կառավարությանը լիազորում է ԱՄՆ-ի դեմ սահմանել տնտեսական եւ քաղաքական բնույթի միջոցառումներ:
Պետական դումայի Խորհուրդը օրինագիծը կքննարկի առաջիկա երկուշաբթի՝ ապրիլի 16-ին, որից հետո կքննարկվի պալատի առաջիկա նիստի ժամանակ, հայտնել է Վոլոդինը: Փաստաթուղթը կմշակվի փորձագետների եւ կառավարության հետ, այն կուղարկեն նաեւ տարածաշրջանային խորհրդարաններ: