Աշոտ Մելիքյանը խնդրահարույց է համարում «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքում փոփոխությունները
SocietyԱԺ արտահերթ նիստում մարտի 23-ին ընդունված«Հեռուստատեսության և ռադիոյի մասին ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը խնդրահարույց է ու անակնկալ լրագրողական հանրության համար։
Լրագրողների հետ զրույցում ապրիլի 13-ին այս մասին ասաց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը։
«Օրենքի նախագիծը նաև անակնկալ էր լրագրողական հանրության համար, քանի որ 2017 թվականի նոյեմբերի 16-ին Կառավարությունը հավանության էր արժանացրել«Հեռուստատեսության և ռադիոյի մասին» նոր օրենքի նախագիծը և որոշել այն ուղարկել Խորհրդարան։ Սակայն օրենսդիրում քննարկվեց միանգամայն այլ փաստաթուղթ, որը լուծում է ընդամենը 2015 թվականին ընդունված Սահմանադրությանը համապատասխանեցնելու խնդիրը։ Ըստ այդ փոփոխությունների՝ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը կազմված է լինելու 7 անդամից, որոնց նշանակում է Ազգային ժողովը, իսկ Հանրային հեռուստառադիոընկերության խորհուրդը կունենա 5 անդամ, որոնց մրցութային կարգով կնշանակի վարչապետը»,- նշեց կոմիտեի նախագահը։
Նրա խոսքով՝ տարիների ընթացքում ոլորտում կուտակված բազմաթիվ այլ խնդիրներ դեռ մնում են չլուծված։
Աշոտ Մելիքյանն անդրադարձավ 2018 թվականի առաջին եռամսյակում ԶԼՄ-ներին վերաբերող ևս երկու օրենսդրական փոփոխության, որոնք, ի տարբերություն վերը նշվածների, ընդհանուր առմամբ դրական արձագանք են ստացել լրագրողական հանրության շրջանում։ Մասնավորապես, վերանայվել են Վարչական դատավարության օրենսգրքի՝ դատական նիստերը տեսա և լուսանկարահանելուն վերաբերող դրույթները։ Այդ փոփոխությունների համաձայն՝ այսուհետ վարչական գործերով դատական նիստերի լուսանկարահանման, տեսաձայնագրման համար անհրաժեշտ է ոչ թե դատավարության մասնակցի միջնորդության հիման վրա դատարանի թույլտվությունը, այլ կողմերի համաձայնությունը։