Միհրան Հարությունյան. Մենամարտիս անցկացման վայրի փոփոխություն է տեղի ունեցել
SportNEWS.am Sport-ը գրում է.
Ռիո-2016-ի օլիմպիական փոխչեմպիոն, հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականի առաջատարներից Միհրան Հարությունյանի մասնակցությամբ խառը մենամարտերի երեկոն կանցկացվի Ռուսաստանի Ռոստով քաղաքում մայիսի 19-ին։
Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց Միհրան Հարությունյանը։
Օլիմպիական փոխչեմպիոնն այս շրջանում պատրաստվում է խառը մենամարտերում իր նորամուտին, որն ըստ նախնական հայտարարության, կայանալու էր Երեւանում, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մայիսի 19-ին:
«Մենամարտիս անցկացման վայրի փոփոխություն է տեղի ունեցել։ Երեկոն կայանալու է Ռոստովում մայիսի 19-ին։ Այժմ մարզվում եմ ԱՄՆ-ում։ Ամեն ինչ ընթանում է իր հունով։Դաժան եւ ծանրաբեռնված մարզումներ եմ անցկացնում։ Ամեն ինչ անելու եմ՝ հաղթանակով նորամուտս նշելու համար։ Շատ կուզեի Հայաստանում անցկացնել առաջին մենամարտս, բայց երեկոյի կազմակերպիչները փոխեցին մդցավայրը։
Մի քանի օրից հայտնի կդառա, թե ով է լինելու մրցակիցս»,- ասաց Միհրան Հարությունյանը։
Fight Nights Global-ի կազմակերպած մրցաշարի գլխավոր մենամարտում կհանդիպեն Դավիթ Խաչատրյանն ու իռլանդացի Պիտեր Կուիլին։
Միհրան Հարությունյանը հանդես կգա երեկոյի երկրորդ գլխավոր մենամարտում, իսկ նրա մրցակցի անունը դեռ հայտնի չէ։
Հիշեցնենք, որ Միհրան Հարությունյանն ըմբշամարտի մրցագորգից բացակայում է Օլիմպիական խաղերից հետո: Ռիո-2016-ում նա հանդես էր եկել ուսի վնասվածքով, իսկ եզրափակիչում խայտառակ կողմնակալ մրցավարության պատճառով պարտվել է սերբ Դավոր Շտեֆանեկին։ Դրանից հետո հայ ըմբիշը մի քանի վիրահատության է ենթարկվել Գերմանիայում, Լեհաստանում եւ Մոսկվայում:
Լուսինե Շահբազյան