Թրամփը Կոնգրեսին բացատրել է Սիրիային հրթիռային հարված հասցնելու իր որոշումը
International newsԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Սիրիային հրթիռային հարված հասցնելու հրաման է տվել՝ զսպելու համար քիմիական զենքի օգտագործումն ու տարածումը, նշված է Կոնգրեսի 2 պալատներին հղած նրա նամակներում: Այս մասին հայտնում է Washington Post-ը:
Կոնգրեսին հղած ուղերձում նա նշել է, որ Սիրիայի դեմ ռազմական գործողությունը սկսվել է այն նպատակով, որ «տարածաշրջանում կայունություն ապահովվի, կանխվի քիմիական զենքի օգտագործումն ու տարածումը, ինչպես նաեւ հումանիտար աղետից խուսափելու համար»:
Սիրիային հրթիռային հարվածներ հասցնելուց հետո Դեմոկրատական կուսակցության խորհրդարանականները շուտով Թրամփին քննարդատել են, որ գործողության մասին հրաման է տվել՝ չստանալով Կոնգրեսի հավանությունը: Դեմոկրատները հույս ունեին պետության ղեկավարից լսել Սիրիայի վերաբերյալ հստակ ռազմավարություն, ինչպես նաեւ գործողության հետեւանքով քաղաքացիական անձանց շրջանում զոհերի կանխման միջոցառումների մասին:
Ավելի վաղ Սպիտակ տունը հաստատել էր Սիրիայից զորքերն արագ դուրս բերելու Թրամփի ցանկության մասին: «Սիրիայում ամերիկյան ներկայության խնդիրները չեն փոխվել: Նախագահը հստակ հասկացրել է, որ ցանկանում է ԱՄՆ զորքերը տուն վերադարձնել այնքան արագ, որքան հնարավոր է»,- ասել էր Սպիըակ տան մամուլի քարտուղար Սառա Սանդերսը
Սիրիայի տարածքում ԱՄՆ զինվորականների հետագա մնալը պատճառաբանելիս նա նշել էր, որ նրանց «խնդիրն է ԻՊ-ի լիակատար ջախջախումը եւ պայմանների ստեղծումը, որոնք կկանխեն նրա վերադարձաը»: «Բացի այդ՝ մենք մեր դաշնակիցներից սպասում ենք տարածաշրջանում անվանգության ապահովման մեծ պատասխանատվություն ստանձնել՝ ինչպես ֆինանսական, այնպես էլ ռազմական իմաստով»,- շեշտել էր Սանդերսը:
Ապրիլի 14-ի գիշերը ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան եւ Ֆրանսիան Սիրիային ավիահարվածներ են հասցրել ի պատասխան Դումայում քիմիական հարձակման, որի կատարման մեջ Արեւմուտքը մեղադրում է սիրիացի զինվորականներին: ԱՄՆ հայտարարությամբ՝ հարվածները կատարվել են Դումայի ու Հոմսի շրջաններում երեք թիրախներին, որոնք կասկածվում են Սիրիայի քիմիական զենքի ստեղծման ծրագրի հետ կապ ունենալու մեջ՝ գիտահետազոտական ինստիտուտին, հրամանատարակաան կետին եւ պահեստներին: Ինչպես նաեւ Հոմսում քիմիական զենքի 2 պահեստի: Լրատվամիջոցների տեղեկություններով՝ կրակի տակ են հայտնվել նաեւ Սիրիայի Հանրապետական գվարդիայի շտաբը, Դամասկոսի Մեզզա օդանավակայանը եւ Արեւելյան Գուտայի Ադ Դումեյր օդանավակայանը: