Հենրի Քիսինջերն անարդյունավետ է համարում Մոսկվայի դեմ պատժամիջոցների սահմանումը
International newsՈւկրաինայի շուրջ Ռուսաստանի և Արևմուտքի միջև ստեղծված լարվածությունը կարող է հանգեցնել նոր սառը պատերազմի, որի հետևանքները հաշվի չառնելը պարզապես ողբերգություն կլինի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ' ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին», այս մասին «Der Spiegel»-ին տված հարցազրույցում նշել է ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար Հենրի Քիսինջերը:
Նա ընդգծել է, որ Մոսկվայի դեմ պատժամիջոցների սահմանումն անարդյունավետ է: Քիսինջերը գտնում է, որ նման կարգի սահմանափակումները հետագայում կարող են հանգեցնել մի իրավիճակի, երբ խոշոր պետությունները ստիպված են լինելու ձեռնարկել իրենց շուկաների վերահսկողության համար նոր միջոցառումներ: «Թե ինչպես դա կանդրադառնա համաշխարհային տնտեսության վրա, հնարավոր չէ կանխագուշակել»,- նշել է նա:
Քիսինջերը միաժամանակ Գերմանիային կոչ է արել նախաձեռնողականություն դրսևորել արտաքին քաղաքականության մեջ: «Գերմանիան այսօր Եվրոպայի ամենակարևոր պետությունն է, և նա պետք է իրեն ավելի ակտիվ դրսևորի»,- հայտարարել է նա: