Երեք ոստիկան տեղափոխվել է «Նաիրի» ԲԿ. մեկի վիճակը ծանր է
SocietyԵրևանի Բաղրամյան պողոտայում ժամեր առաջ ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանի, հավաքի մասնակիցների և ոստիկանության միջև տեղի ունեցած բախման հետևանքով տուժել է երեք ոստիկան: Նրանք տեղափոխվել են «Նաիրի» բժշկական կենտրոն:
«Ոստիկաններից մեկի վիճակն առայժմ չենք կարող գնահատել, քանի որ նա այս պահին գտնվում է վիրասրահում: Նրա վիճակն ավելի ծանր է, քան մյուս երկուսինը: Նա ուներ բեկորային վնասվածքներ»,- ասաց «Նաիրի» ԲԿ գործադիր տնօրեն Անատոլի Գնունին:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ, նա հավելեց, որ Փաշինյանը չունի հոնքի վրա որևէ վնասվածք, ինչպես ավելի վաղ հաղորդում էին մի շարք այլ լրատվամիջոցներ: Գնունին ընդգծեց, որ պատգամավորը վնասվածներ է ստացել միայն դաստակների հատվածում: Նա հավելել է նաև, որ Փաշինյանին հիվանդանոցում պահելու որևէ խնդիր չկա, նրան վիրակապել են, կարող է դուրս գալ, եթե իրեն լավ է զգում:
Նիկոլ Փաշինյանն ու կողմնակիցներն ավելի վաղ սրել էին իրավիճակը Բաղրամյան պողոտայում: Փաշինյանը բոլորին Ֆրանսիայի հրապարակից տեղափոխեց Բաղրամյան պողոտա՝ նշելով, որ ցանկանում է գնալ աշխատավայր՝ Ազգային ժողով: Նա «Ելք» խմբակցության մի քանի պատգամավորների հետ մտադիր էր անցնել ոստիկանական շղթայի միջով, և ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետի տեղակալ Վալերի Օսիպյանը, բանակցելով նրա հետ, համաձայնեց նրան և պատգամավորներին թույլ տալ անցնել պատնեշն ու գնալ դեպի խորհրդարան: Փաշինյանը, սակայն, սկսեց հայտարարել, որ մենակ չի գնալու, այլ իր հետ եկածները ևս պետք է անցնեն ոստիկանական ուժերի միջով: Հանդարտության պահպանելու, հակաօրինական քայլեր չանելու Օսիպյանի հորդորին ի պատասխան Փաշինյանը բարձրացավ երկաթե արգելապատնեշի վրա, որից հետո արդեն իրավիճակը դարձավ անկառավարելի: Նրա կողմնակիցները երկաթե արգելապատնեշները բարձրացրին գետնից ու դրանք սկսեցին ուղղել ոստիկանների կողմ: Սկսվեց հրմշտոց: Փաշինյանի կողմնակիցները բարձրացան անգամ այնտեղ կայանված մի մեքենայի վրա: Իրավիճակի Բաղրամյան պողոտայում խիստ լարվեց: Ոստիկանությունն այնտեղ մետաղական փշալար անցկացրեց, կիրառեց ծուխ արձակող հատուկ միջոց:
Ապրիլի 13-ից Փաշինյանն ու կողմնակիցները փակել են Ֆրանսիայի հրապարակը: Իսկ ապրիլի 16-ի վաղ առավոտից դադարեցված է երթևեկությունը քաղաքի մի շարք այլ բանուկ փողոցներում ևս: Մասնավորապես, երթևեկը կաթվածահար է եղել Բաղրամյան-Մոսկովյան, Կորյուն-Աբովյան խաչմերուկներում, Հերացու՝ դեպի Նոր Նորք բարձրացող հատվածում, Ֆրանսիայի հրապարակում: Փողոցներում ցուցարարները տեղադրել են նստարաններ, աղբամաններ՝ դրանք հանելով իրենց համար նախատեսված տեղերից:
Ոստիկանությունը հայտարարություն է տարածել. «Բաղրամյան պողոտայում Ձեր կողմից ղեկավարվող հավաքի մասնակիցների բռնի գործողությունների արդյունքում կոպտորեն խախտված է հասարակական կարգը: Ոստիկանության բոլոր նախազգուշացումները, պահանջները և սահմանափակիչ այլ գործողությունները այլևս անարդյունավետ են, ուստի ղեկավարվելով «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածով՝ ոստիկանությունը Ձեզանից պահանջում է դադարեցնել հավաքը:
Հավաքի վայրում Ձեր բացակայության կամ Ձեր կողմից ոստիկանության պահանջը չկատարելու դեպքում սահմանված ողջամիտ ժամկետի ավարտից հետո Ոստիկանությունը կցրի հավաքը՝ կիրառելով ուժ և հատուկ միջոցներ»: