Թուրքիայի ազգային անվտանգության խորհուրդն առաջարկել է ևս 3 ամսով երկարաձգել արտակարգ դրության ռեժիմը
International newsԹուրքիայի ազգային անվտանգության խորհուրդն առաջարկել է ևս երեք ամսով երկարաձգել երկրում տիրող արտակարգ դրության ռեժիմը: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին ասվում է նիստի ավարտին հրապարակված հայտարարության մեջ:
Նիստն անցկացվել է երկրի ղեկավար Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախագահությամբ:
«Անհրաժեշտ է համարվում երկրում արտակարգ ռեժիմը ևս երեք ամսով երկարաձգելու առաջարկ անելը», - ասվում է հայտարարության մեջ:
Թուրքիայում արտակարգ դրության ռեժիմ է սահմանվել 2016 թվականի հուլիսին տեղի ունեցած պետական հեղաշրջման անհաջող փորձից հետո: Առաջին անգամ արտակարգ դրությունը սահմանվել էր երեք ամսով, որից հետո կառավարության որոշմամբ 6 անգամ երկարաձգվել է երեք ամիս ժամկետով:
Թուրքական ընդդիմությունը, ինչպես նաև ԵՄ առաջնորդներից շատերը քննադատում են արտակարգ դրության ռեժիմի երկարաձգումը երկրում, քանի որ դա, նրանց կարծիքով, վտանգի տակ է դնում երկրի քաղաքացիների իրավունքները և ազատությունները: