Հատուկ գործողություններ Հունաստանում և Ֆրանսիայում. ձերբակալվել են «օրենքով գող» Լաշա Շուշանաշվիլին, կազմակերպված հանցավոր խմբավորման տասնյակ անդամներ և ռեպեր Կաբուն
LifestyleՇաբաթվա սկզբում հունական Սալոնիկում ձերբակալվել է ազդեցիկ «օրենքով գող» Լաշա Շուշանաշվիլին (Լաշա Ռուստավսկի): Ըստ հունական լրատվամիջոցների՝ երկուշաբթի օրը ոստիկանությունը հանցավոր խմբավորման անդամներին ձերբակալելու համար աննախադեպ գործողություններ է ծավալել քաղաքի շրջաններից մեկում՝ Պիլեայում: Ըստ տեղաբնակների՝ գործողությունների ժամանակ գործի է դրվել նաև ուղղաթիռ, և հնչել են կրակոցներ երկու կողմից էլ: Վերջին հաշվով, հանցագործները հանձնվել են: Տեղեկություն կա, որ նրանք երկու վիրավոր ունեն:
Այսօր Վրաստանի Ներքին գործերի նախարարությունում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ պարզաբանվել է, որ Caucase Normandie կոչվող գործողությունները ապրիլի 16-17-ին համընթաց կատարվել են նաև Ֆրանսիայում, որի արդյունքում, բացի Շուշանաշվիլիից, ձերբակալվել են նաև մի քանի «օրենքով գողեր»՝ Գոչա Պոցխիշվիլին (Գուրամ), Ալեկսանդր Կոբալաձեն՝ հենց ինքը Ռամազ Գուգունիշվիլին (ՍԻՈ), Նոդար Շուկակիձեն (Նոդո Գլդանսկի) և Մերաբ Հասանիձեն (Չիկորա): Բացի նրանցից՝ ձերբակալվել են նաև վրացական հանցավոր խմբավորման 34 անդամներ:

Հատկանշական է, որ ֆրանսիական Ռեն քաղաքում ձերբակալվածների շարքում էր նաև վրացի հայտնի դերասան և ռեպեր Կախա Աբուաշվիլին (Կաբու):

Ըստ չհաստատված տեղեկությունների՝ ոստիկանները հայտնվել են հենց, այսպես կոչված, «հունական» կլանի հավաքի ժամանակ, որը գլխավորում էր Լաշա Ռուստավսկին: Նրան արդեն տեղափոխել են Դիավատոն բանտ:
Ինչպես հիշեցնում է Protagon.gr հունական հրատարակությունը, առաջին անգամ Շուշանաշվիլիին ձերբակալել են 2012 թ-ին: Դատարանը դատապարտել է նրան 14 տարվա ազատազրկման հանցավոր խմբավորում ստեղծելու համար: Մի քանի ամիս առաջ նրան ազատ են արձակել գրավի դիմաց: Ռեժիմի այսպիսի թուլացման համար հիմք է հանդիսացել նրա իբր մի շարք լուրջ հիվանդությունների առկայությունը՝ չարորակ հիպերտենզիա, հեպատիտ B և C, սրտանոթային էնցեֆալոպաթիա և սրտի խնդիրներ:
Այս ամենով հանդերձ՝ «ռուսախոս մաֆիայի առաջնորդին» սպանության փորձ կատարելու, շորթման, փողերի լվացման և ամբողջ Եվրոպայում այլ հանցագործությունների մեղադրանքով սպասում են Իսպանիան և Վրաստանը: