Ադրբեջանում պահանջում են Իլհամ Ալիևի հրաժարականը
International newsԱդրբեջանում ընդդիմադիր «Ժողովրդավարական ուժերի ազգային խորհուրդ» կազմակերպության անցկացված հանրահավաքի ընթացքում պահանջել են նախագահ Իլհամ Ալիևի հրաժարականը: Այս մասին հայտնել է contact.az-ը:
«Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ Ալի Քերիմլին հանրահավաքը պատմական իրադարձություն է անվանել:
«Մեր օրերում երկրում իշխում է չարը: Սովորաբար, նման ռեժիմները խլացնում են ժողովրդի ձայնը: Սակայն Ադրբեջանում, չնայած զանգվածային հալածանքներին, ժողովուրդը հրապարակ է դուրս եկել և բողոքում է չարի դեմ, դա անբացատրելի մի երևույթ է»,-ասել է Քերիմլին:
Իշխանությունները ճնշումների միջոցով փորձել են վախեցնել ժողովրդին և ստիպել հանրությանը լռել, սակայն դա չի հաջողվել՝ չնայած ակտիվիստների, լրագրողների ու բլոգերների ձերբակալություններին:
Հանրահավաքի ավարտին բանաձև է ընդունվել հետևյալ պահանջներով. ազատ արձակել քաղբանտարկյալներին, ապահովել քաղաքական ազատությունները, դադարեցնել ճնշումները կուսակցությունների, հասարակական կազմակերպությունների ու լրատվամիջոցների նկատմամբ, ընտրական բարեփոխում իրականացնել, փոխել ընտրական հանձնաժողովի կազմն ու ուժեղացնել եվրաինտեգրման գործընթացը:
Իշխանությունները պետք է հայտարարեն ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիրը ստորագրելու մտադրության մասին, ինչպես նաև արդյունավետ օգտագործեն նավթային պաշարները: