Արամ Սարգսյան. «1996 թվականից իշխանությունները միշտ էլ սադրանքի են դիմում և հաջողության հասնում»
SocietyPast.am-ը գրում է.
«Դեմոկրատական» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի կարծիքով երիտասարդների փողոց դուրս գալն արդեն ահազանգ է իշխանության համար:
«Մարդիկ հոգնել են այս իրավիճակից և փողոց դուրս գալով ասում են՝ հերիք է թալանեն, կոռուպցիայով զբաղվեն, պետական պարտքը շատացնեն ու ոչ մի առաջընթաց չլինի: Այս համակարգը պետք է քանդվի, և ժողովրդի որոշմամբ նորը ձևավորվի»,– տեսակետ է հայտնել Ա. Սարգսյանը:
Նա նաև «չի հասկանում», որ եթե երկրում իսկապես ամեն ինչ այդքան լավ է, ապա ինչո՞ւ է ամեն ինչ այդքան վատ:
«Սերժ Սարգսյանի հարցազրույցը նայելով` հիշեցի օդեսացիների անեկդոտը: Եթե Հայաստանում ամեն ինչ լավ է, ժողովուրդն ինչո՞ւ է բողոքում: Ցավում եմ, որ վարչապետն ադեկվատ չի գնահատում իրենց կառավարման տարիներին ստեղծված իրավիճակը»,– ասաց Դեմկուսի առաջնորդը:
Ա. Սարգսյանը կարծում է նաև, որ իշխանությունը պետք է իր արածների համար ժողովրդից ներողություն խնդրի ու մանրամասն ներկայացնի երկիրն այս իրավիճակից դուրս բերելու տեսանելի քայլերը:
«Գրեթե 30 տարի է՝ մենք պայքարի մեջ ենք: Իշխանությունը, սակայն, դրանից ոչինչ չի հասկացել: Իրենք օլիգարխիկ համակարգ են ստեղծել, ու դարձել են և՛ նրանց գերին, և՛ պաշտպանը»,– ասաց կուսակցության ղեկավարը:
Նա նաև նշեց, որ 1996 թվականից իշխանությունները միշտ էլ սադրանքի են դիմում և հաջողության հասնում:
«Աստված չանի նորից մարտի 1 լինի: Ամեն մի նոր ցնցում երկիրն ավելի վատ վիճակի է տանում: Իրենք էլ են դա հասկանում: Բայց հիմա Փաշինյանն ավելի խելոք է, զգուշացնում է, որ սադրիչները իրենցից չեն»,– ասաց Ա. Սարգսյանը:
Արմինե Գրիգորյան