Ցուցարարների երթը հասավ Բաղրամյան պողոտա. այստեղ փշալարեր են (ուղիղ)
SocietyԱպրիլյան պատերազմի մասնակիցների գլխավորած երթը հասավ Բաղրամյան պողոտա. այստեղ փշալարերով փակված է պողոտան: Բացի այդ, վահաններով ու ու սաղավարտներով ոստիկանները շղթա են կազմել:
Ցուցարարներից մեկը հայտարարեց, որ իրենք ցանկանում են հանդիպել պատգամավորներին. «Եկել ենք ասելու, որ այսօր բողոքի են ելել բոլորը, նույն ոստիկանների ու պատգամավորների հարազատները, երեխաները: Մենք կսպասենք, որ նրանք գան մեզ հետ հանդիպման»: Նա նաեւ կոչ ուղղեց ՀՀ ոստիկանապետը Վլադիմի Գասպարյանին՝ ազատ արձակել ապրիլյան պատերազմի մասնակից երիտասարդներին, որպիսիք կան բերման ենթարկվածների մեջ:
Երթին մասնակցում են նաեւ արցախյան պատերազմի վետերաններ եւ ապրիլյան պատերազմի զոհերի ծնողներ։
Նշենք, որ այս պահին բողոքի մեծ ու փոքր ակցիաներ են ընթանում քաղաքի տարբեր հատվածներում: Մի խումբ ցուցարարներ փակել էին Կորյուն-Տերյան փողոցների խաչմերուկը: Բժշկական համալսարանի ուսանողներն էլ բողոքի ակցիա են իրականացրել Աբովյան-Հերացի հատվածում, որտեղ նրանց դեմ ոստիկանները ուժ են կիրառել եւ մի քանիսին բերման ենթարկել: Ցուցարարների են բերման են ենթարկել նաեւ Ազատության պողոտայում տեղի ունեցող ակցիայից:
Բողոքի ակցիաներ են ընթանում նաեւ Վանաձոր, Գյումրի, Սեւան, Հրազդան քաղաքներում:
Հիշեցնենք, որ այսօր Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ ընթացող զանգվածային բողոքի ցույցերի 11-րդ օրն է: երեկ՝ ապրիլի 22-ին, վարչապետ Սերժ Սագսյանի եւ «Իմ քայլը» նախաձեռնության ու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանի հանդիպումից մեկ ժամ անց ոստիկանությունը ուժ կիրառեց Արցախի փողոցում հավաքված ցուցարարների նկատմամբ, բերման ենթարկեց տասնյակ մարդկանց, այդ թվում՝ ԱԺ պատգամավորներ Նիկոլ Փաշինյանին, Արարատ Միրզոյանին եւ Սասուն Միքայելյանին։ Ավելի ուշ նրանց երեքին ձերբակալել են: Նիկոլ Փաշինյանի գտնվելու վայրն այս պահին անհայտ է:
Նշենք, որ գիշերը ժամը 00.00-ի դրությամբ բերման ենթարկվածների թիվը հասել է 315-ի: