«Արցախի մասնակցությունը բանակցություններին՝ ինքնորոշման իրավունքի իրացում». Էմիլ Օրդուխանյան
SocietyPast.am-ը գրում է.
Օրեր առաջ Նիկոլ Փաշինյանը Ստեփանակերտում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ԼՂ հակամարտության կարգավորման հարցի շուրջ խոսելիս նշեց, որ հակամարտության կարգավորման համար ամենակարևոր բաղադրիչը ճիշտ ձևաչափով բանակցություններն են՝ Արցախի մասնակցությամբ: Սրան ի պատասխան հետևել է ադրբեջանական իշխանությունների, մասնավորապես՝ Ադրբեջանի արտգործնախարարության մամուլի ծառայության ղեկավարի հայտարարությունն այն մասին, թե Հայաստանի նորընտիր վարչապետը սոցիալ-տնտեսական հարցերի լուծման փոխարեն նախապատվությունը տալիս է քաղաքական քարոզչությանը:
Քաղաքագետ Էմիլ Օրդուխանյանի խոսքով՝ վարչապետի այս քայլը շատ կարևոր է այն առումով, որ բացարձակապես բարձրացնում է Արցախի Հանրապետության՝ որպես իրավասուբյեկտի հնարավորությունը մասնակցելու խնդրի կարգավորման խաղաղ գործընթացին: Նրա խոսքով՝ Արցախն աշխարհին ներկայանալու հնարավորություն կարող է ստանալ և, իհարկե, արցախյան հարցում պետք է մասնակցի նաև Արցախի իշխանությունը: Օրդուխանյանի կարծիքով, որ սա շատ կարևոր մեսիջ է՝ ուղղված ոչ միայն հակառակորդ Ադրբեջանին, այլև համաշխարհային հանրությանը, Մինսկի խմբին, որը զբաղվում է հակամարտության խաղաղ կարգավորմամբ և այս խնդրում միջնորդական առաքելություն է իրականացնում:
Անդրադառնալով Ադրբեջանի արձագանքին՝ քաղաքագետը նշեց, որ դա բնական երևույթ է, այլ կերպ լինել չէր կարող: Սրանով Արցախը հնարավորություն է ունենում միջազգային հարթությունում ներկայանալ որպես սուբյեկտ, որն ինքնորոշման իրավունքի ճանաչման առաջին քայլն է: Բանակցային գործընթացին դե ֆակտո մասնակցելը ուզած թե չուզած Արցախին՝ ադրբեջանական տեսանկյունից, դարձնում է սուբյեկտ: Արցախը դե ֆակտո դառնում է սուբյեկտ, որը մասնակցում է իր հարցի կարգավորման գործընթացին:
Զրուցակցիս խոսքով, սա Արցախի Հանրապետության ազգային շահերից, առհասարակ՝ հայկական շահերից բխող շատ կարևոր հաղորդագրություն է՝ ուղղված ամբողջ աշխարհին:
Past.am-ի այն հարցին, թե հեշտ կլինի՞ այդ երրորդ կողմի ներառումը բանակցային սեղանին և արդյո՞ք վտանգավոր հետևանքներ չեն կարող լինել, Օրդուխանյանը պատասխանեց, որ գոյություն ունի արցախյան հիմնախնդրի կարգավորման երեք կարևոր սկզբունք՝ ինքնորոշման իրավունք, ուժի չկիրառում և տարածքային ամբողջականություն: «Սրանք նաև Մինսկի խմբի առջև դրված այն երեք կարևորագույն սկզբունքներն են, որոնցից առաջնայինը պետք է լինի ինքնորոշման իրավունքը: Եթե մենք խոսում ենք ինքնորոշման իրավունքի մասին, ապա Արցախի մասնակցությունն այդ գործընթացին ինքնորոշման իրավունքի իրացման դե յուրե հնարավորություն է ստեղծում»,- նշեց նա:
Ինչ վերաբերում է հակառակորդի կողմից հնարավոր ագրեսիային, Օրդուխանյանը նկատեց, որ Ադրբեջանը, հնարավորության դեպքում, մշտապես ագրեսիա է ցուցաբերել, որը չեզոքացվել է: Բայց այս օրերին, հաշվի առնելով համազգային մոբիլիզացիան ոչ միայն հանրապետության ներսում, այլ՝ ամբողջ հայության, նաև սփյուռքահայության շրջանում, նախադրյալներ է ստեղծում, որ Ադրբեջանը որևէ քայլ ձեռնարկելուց առաջ ժողովրդական խոսքի համաձայն՝ «տասը չափի, մեկ կտրի»:
Արդյո՞ք նրանք կգնան այդ արկածախնդրությանը: «Դա ողջամիտ չի՛ լինի: Եվ հետո, իրենք չէ, որ պետք է ասեն Հայաստանի վարչապետին՝ նա ներքի՞ն, թե՞ արտաքին խնդիրներով զբաղվի: Մենք այլևս խորհրդարանական երկիր ենք. վարչապետը և՛ արտաքին, և՛ ներքին քաղաքականության մեջ կարող է իրականացնել այն գործունեությունը, որով լիազորված է Սահմանադրությամբ»,- հավելեց նա:
ՔՐԻՍՏԻՆԱ ՏԵՐ-ՄԱԹԵՎՈՍՅԱՆ