Լևոն Տեր-Պետրոսյանը չի՞ ներում Նիկոլ Փաշինյանին
SocietyԱռաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հրապարակել է «Անհրաժեշտ պարզաբանում» վերնագրով մի հոդված ilur.am կայքում, որտեղ անդրադարձել է թավշյա հեղափոխությունից հետո խորհրդարանի և կառավարության հարաբերություններում ստեղծված արտառոց իրավիճակին: Ըստ Տեր-Պետրոսյանի՝ այժմ, երբ խորհրդարանական մեծամասնությունը իրեն հայտարարել է ընդդիմություն, իսկ գործադիր իշխանությունը դիտվում է որպես փոքրամասնության կառավարություն, ստեղծվել է չափազանց դժվար վիճակ պետական մեքենայի անխափան գործունեության համար.
«Հանրապետական կուսակցությունն ունենալով խորհրդարանական մեծամասնություն, ի վիճակի է վիժեցնել կառավարության բոլոր օրենսդրական նախաձեռնությունները, եւ դատելով վերջին ելույթներից, նրանք չեն էլ թաքցնում նման մտադրությունը: Ի՞նչ կարող է դրան հակադրել Փաշինյանի գլխավորած նորընտիր կառավարությունը: Մինչ այս պահը Փաշինյանն իր կամքը խորհրդարանին պարտադրել է համաժողովրդական բողոքի ու ընդվզման միջոցով, ինչը, որպես ժողովրդավարության դրսեւորում, ըմբռնումով է ընկալվել միջազգային հանրության կողմից: Սակայն կարող է նա, արդյո՞ք, խորհրդարանի վրա նույն մեթոդով ազդել նաեւ այսուհետեւ: Ակնհայտ է, որ ո՛չ, որովհետեւ այդ ռեսուրսն արդեն սպառված է: Մի բան է խորհրդարանին սեփական կամքը պարտադրել ժողովրդական շարժման առաջնորդի հանգամանքով, եւ բոլորովին այլ բան` վարչապետի կարգավիճակով: Այս դեպքում արդեն միջազգային հանրությունը նման գործելակերպ չի հանդուրժի, որովհետեւ դա կդիտվի որպես իշխանության մի թեւի կողմից մյուսի վրա գործադրվող անթույլատրելի ճնշում, մանավանդ նկատի առած այն պարագան, որ նույն այդ միջազգային հանրությունը ժամանակին ճանաչել է թե՛ խորհրդարանական ընտրությունների, եւ թե՛ դրանց արդյունքում ձեւավորված խորհրդարանի օրինակարգությունը»,- նշում է առաջին նախագահը:
Ինքը՝ Տեր-Պետրոսյանը, երկրի համար չափազանց վտանգավոր այս իրավիճակից դուրս գալու միակ միջոցը համարում է քաղաքական ողջախոհության շրջանակում խորհրդարանական ուժերի միջև ձեռք բերել պայմանավորվածություն՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման վերաբերյալ՝ ընտրական օրենսգրքի փոփոխությունից հետո: Սակայն այս հարցում էլ լուրջ բարդություններ են սպասվում, որովհետեւ ընտրական օրենսգրքի վերափոխումը կրկին կախված է խորհրդարանական մեծամասնության կամքից: Իսկ հանրապետականները, ինչպես իրավացիորեն նկատում է Լևոն Տեր-Պետրոսյանը, համոզված չեն, որ հաջորդ ընտրություններից հետո կարող են հայտնվել խորհրդարանում: Թեպետ Տեր-Պետրոսյանը չի խոստովանում, սակայն ակնհայտ է, որ նման մտավախություն ունի նաև ինքը՝ իր գլխավորած քաղաքական ուժի՝ Հայ ազգային կոնգրեսի համար: Դժվար է պատկերացնել, որ արտահերթ ընտրություններում ՀԱԿ-ը կհայտնվի խորհրդարանում: Թերևս հենց այս պատճառով էլ պայմանավորված է Լևոն Տեր-Պետրոսյանի դիտարկումը, թե Ընտրական օրենսգրքի փոփոխությունը չի կարող կատարվել փողոցային ճնշման ներքո: Հետաքրքիր է՝ իսկի ինչո՞ւ չի կարող. չէ՞ որ խորհրդարանում վարչապետի քվեարկությունը տեղի ունեցավ հենց այդ ճնշման ներքո: Լևոն Տեր-Պետրոսյանը հրաշալի հասկանում է, որ առանց արտահերթ ԱԺ ընտրությունների՝ հեղափոխությունը կիսատ կմնա, իսկ Նիկոլ Փաշինյանն ու նրա կառավարությունը անպայման կձախողվեն: Ի՞նչ խորհուրդ է տալիս Տեր-Պետրոսյանը Նիկոլ Փաշինյանին որպես ավագ գործընկեր: Թերևս միայն ապավինել ՀՀԿ-ի պետական մտածողությանը, որն ավելի շուտ ճանապարհ է դեպի պարտություն: Լևոն Տեր-Պետրոսյանը կարող էր ավելի աշխատող տարբերակներ առաջարկել և, ամենակարևորը, կարող էր անկեղծորեն շնորհավորել հայ ժողովրդին և իր երբեմնի երիտասարդ զինակցին՝ հեղափոխության հաղթանակի համար: Չէ՞ որ նույն Լևոն Տեր-Պետրոսյանը 2008-ին գործող ռեժիմի դեմ պայքարի նպատակով դուրս էր եկել փողոց, սակայն լուրջ արդյունքի չհասավ, փոխարենը մենք ունեցանք մարտի 1-ի ողբերգությունը:
Այս վարքագիծը մարդկային պարզ նախանձության տպավորություն է թողնում. հավանաբար քաղաքական մեծ փորձառություն ունեցող Լևոն Տեր-Պետրոսյանի համար դժվար է հաշտվել այն իրողության հետ, որ Նիկոլ Փաշինյանին, առանց արյան ու զոհերի, հաջողվեց անել այն, ինչին ինքը չհասավ անգամ 10 զոհերի գնով: Իսկապես դժվար է, բայց պետք է ընդունել, որ Փաշինյանը գործել է քաղաքականապես ավելի գրագետ և տեխնիկապես ավելի առաջադեմ: Հատկապես Լևոն Տեր-Պետրոսյանը բոլորից առաջ պետք է ողջուներ համաժողովրդական հաղթանակը, որովհետև շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանը կայացել է՝ անցնելով նաև իր քաղաքական շկոլան:
Կարինե Սարիբեկյան
Մանրամասներն Այստեղ