Էրդողանի այցը Մեծ Բրիտանիա ուղեկցվում է բողոքի ցույցերով
Մեծ Բրիտանիայում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի եռօրյա այցելությունն ուղեկցվում է բողոքի մեծ ակցիաներով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով բրիտանական Express պարբերականը, Էրդողանը մայիսի 14-ին ժամանել է Լոնդոնի Միջազգային հարաբերությունների թագավորական ինստիտուտ՝ Chatham House անվտանգության խստացված միջոցների ներքո:
Թուրքիայի նախագահի դեմ բողոքի ցույցի ժամանակ մայիսի 13-ին ոստիկանության կոպիտ միջամտության հետևանքով տուժել է 17-ամյա քուրդ քաղաքացի, ով մեջքի և վզի հատվածում ստացել է վնասվածքներ: Ոստիկանությունը միջամտության առնչությամբ հայտարարել էր, որ քրդամետ ցուցարարների խումբը փորձ է արել փակել Էրդողանի ավտոշարասյան ճանապարհը, ինչին ի պատասխան նրանք դիմել էին համապատասխան քայլերի ու բացել ճանապարհը:
Էրդողանը Միացյալ Թագավորություն է ժամանել մայիսի 13-ին: Այստեղ նա մի շարք հանդիպումներ կունենա բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում և վարչապետ Թերեզա Մեյի, թագուհի Ելիզավետա 2-րդի հետ:
Մեծ Բրիտանիայի Լիբերալ դեմոկրատների առաջնորդ Վինս Քեյբըլը դատապարտել է Էրդողանի այցը երկիր՝ մեղադրելով Թուրքիայի ղեկավարին «լիբերալ, ժողովրդավարական արժեքների նկատմամբ անընդունելի անարգանք ցուցաբերելու մեջ»: