Քննիչի կնոջը երեք անշարժ գույք են նվիրել
SocietyPast.am-ը գրում է.
ՊԵԿ քննչական վարչության ավագ քննիչ Արթուր Տոնոյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ 2017 թ. տարեկան հայտարարագիրը:
Հայտարարագրի համաձայն՝ Տոնոյանը նախորդ տարի ունեցել է 1 միլիոն դրամ և 20 հազար ամերիկյան դոլար դրամական միջոցներ: Եկամուտները կազմել են 5 միլիոն 986 հազար դրամ, որից 5 միլիոն 913 հազար դրամը աշխատավարձ է, իսկ 72 հազար 903 դրամը նշված է որպես այլ եկամուտներ: Բացի այս, պաշտոնյան նախորդ տարի նաև փոխառություններ է հանձնել 4 հազար ԱՄՆ դոլարի չափով, որոնք մինչ տարեվերջ վերադարձվել են իրեն:
Պաշտոնյայի կնոջ՝ Մերի Համբարձումյանի հայտարարագրում ավելի հետաքրքիր տվյալներ կան: Մասնավորապես՝ նա նախորդ տարում երեք անշարժ գույք է ձեռք բերել՝ 5 միլիոն 500 հազար և 662 հազար դրամ արժողությամբ բնակարաններ, ինչպես նաև 2 միլիոն 400 հազար դրամ արժողությամբ առանձնատուն: Եկամուտների հատվածից պարզ է դառնում, որ այս երեք անշարժ գույքը նա ստացել է որպես ժառանգություն:
Ունեցել է նաև փոխառություններ, որոնք 2017 թ. սկզբին կազմել են 14 միլիոն 823 հազար դրամ, իսկ տարեվերջին՝ 25 միլիոն 648 հազար: Դրամական միջոցները կազմել են 4 միլիոն դրամ, իսկ տարեկան եկամուտները՝ 17 միլիոն 392 հազար դրամ, որից 6 միլիոն 567 հազար դրամը աշխատավարձն է, իսկ 10 միլիոն 825 հազար դրամը՝ վարկեր:
ՔՐԻՍՏԻՆԱ ՏԵՐ-ՄԱԹԵՎՈՍՅԱՆ