ՀՖՖ-ն պարգեւատրել է Հայաստանի առաջնության մրցանակակիրներին
Sport«Ալաշկերտ» - «Գանձասար-Կապան» (2:0) Բարձրագույն խմբի վերջին՝ 30-րդ հանդիպումից հետո տեղի է ունեցել ֆուտբոլի Հայաստանի 26-րդ առաջնության մրցանակաբաշխությունը:
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան չեմպիոնական գավաթը հանձնել է նախորդ 2 տարիների չեմպիոն «Ալաշկերտին», «Բանանցը» ստացել է արծաթե մեդալներ, իսկ նախորդ տարվա փոխչեմպիոն «Գանձասար-Կապանը»՝ բրոնզե մեդալներ:
Հիշեցնենք, որ Բարձրագույն խմբի վերջին տուրից առաջ միանձնյա առաջատարն էր պայմանավորված խաղի հետ կապ ունենալու մեջ մեղադրվող Գյումրիի «Շիրակը», որը 12 միավորից զրկվելու պատճառով նահանջել է չորրորդ տեղ, որը եւս տալիս է Եվրոպայի լիգայի որակավորման փուլին մասնակցելու ուղեգիր: ՀՖՖ-ի Կարգապահական կոմիտեի որոշման պատճառով «Շիրակը» բոյկոտեց Երեւանի «Փյունիկի» դեմ վերջին տուրի տնային խաղը, որին չներկայացավ:
«Շիրակը» պատրաստվում է ՀՖՖ-ի Կարգապահական կոմիտեի որոշումը բողոքարկել Լոզանի մարզական վճռաբեկ դատարանում (CAS): Ակումբը նաեւ պահանջում է ՀՖՖ նախագահի ու ամբողջ աշխատակազմի հրաժարականը։ Ավելի վաղ «Շիրակը» հայտնել էր, որ 12 միավորից զրկվելու դեպքում իր բոլոր թիմերին կհանի Հայաստանի առաջնություններից: