350 նոր միլիոնատեր Հայաստանում. Անսպասելի հնարավորություն
SocietyԱԱԾ նորանշանակ ղեկավար Արթուր Վանեցյանը հայտարարել է, որ շուտով կբացահայտվեն կոռուպցիոն սխեմաներով հարստացած մարդկանց անուններ: Վանեցյանը նշել է, որ այդ մարդիկ հարստացել են պետությունից գողություն անելով: ԱԱԾ ղեկավարի խոսքով, Հայաստանում 350 մարդ կա, որոնց անունով բիզնեսներ են բացված, սակայն նրանք հարկեր չեն մուծում, քանի որ նրանց անձնագրերը վերցրել ու բիզնես են բացել:
Վանեցյանը խոստացել է, որ վաղվանից, այսինքն մայիսի 23-ից, կլինեն բացահայտումներ: Եվ վաղվանից Հայաստանում կարող են հայտնվել 350 նոր միլիոնատերեր: ԱԱԾ ղեկավարն ասում է, որ նրանցից վերցրել են անձնագրերը եւ նրանց անունով բիզնեսներ բացել: Կարելի է ենթադրել, թե ովքեր կարող էին նման քայլի գնալ՝ բարձրաստիճան պաշտոնյաներ, գեներալներ, օլիգարխներ, որոնք հաճախ իրենց սեփականությունն ու բիզնեսները ձեւակերպում են ոչ միայն մերձավորների՝ կանանց, զոքանչների, հարազատների անուններով:
Հիմա, այդ մարդիկ, ում անունով բիզնեսներ են բացվել, փաստացի հայտնվում են հարվածի տակ, հարկադրված լինելով վճարել ենթադրաբար մեծ գումարներ: Նրանք կարող են, օգտվելով նոր իրավիճակից, վճարել այդ գումարները եւ իրենց պահել այդ բիզնեսները, որոնք բացվել են իրենց անունով: Կարող են պահանջել նաեւ փոխհատուցում բարոյական վնասի համար, քանի որ անձնագրեր վերցնելը «ձգում» է թրաֆիկինգի:
Այս մարդիկ այսպիսով անսպասելի հնարավորություն են ստանում: Բացի այդ, հետաքրքիր ընտանեկան պատմություններ կարող են բացահայտվել, օրինակ զոքանչները կարող են իրենց պահել իրենց անուններով գրանցված սեփականությունը եւ վռնդել իրենց փեսաներին, որոնք կարող են խնդիրներ ունենալ օրենքի առաջ: