ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն ընդունել է ԱՄՀ ներկայացուցիչ Յուլիա Ուստյուգովային
EconomicsՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը մայիսի 22-ին ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան ներկայացուցիչ Յուլիա Ուստյուգովային:
Ինչպես տեղեկացրին նախարարությունից, հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են երկկողմ համագործակցության շրջանակներում իրականացվող մի շարք ծրագրերի, մասնավորապես`պետական ներդրումների կառավարման գնահատման, հարկային քաղաքականության բարելավման, մոդելի վրա հիմնված շրջանակի զարգացման միջոցով հարկաբյուջետային քաղաքականության գնահատման, ինչպես նաև հարկաբյուջետային թափանցիկության գնահատման վերաբերյալ:
Ատոմ Ջանջուղազյանը վստահեցրել է, որ ՀՀ կառավարությունը պարտաստակամ է իրենց տրամաբանական ավարտին հասցնել բոլոր համատեղ ծրագրերն ու նախաձեռնությունները: Նախարարը բարձր է գնահատել Արժույթի միջազգային հիմնադրամի հետ շարունակական համագործակցությունը և կարևորել է դրա ընդլայնման ու ամրապնդման հնարավորությունները: