Թուրքիան մեղադրել է Գերմանիային՝ Քրդստանի աշխատավորական կուսակցության միտինգը թույլ տալու համար
International newsԹուրքիայի` ԵՄ հարցերով նախարար Օմեր Չելիքը քննադատել է Գերմանիայի իշխանություններին՝ Քրդստանի աշխատավորական կուսակցության միտինգը թույլ տալու համար: Համապատասխան գրառում Չելիքն արել է Twitter-ում, տեղեկացնում է Hurriyet Daily News-ը:
«Գերմանիայի թույլտվությունը չի համապատասխանում ժողովրդավարության և օրենքի իրական հասկացությանը: Գերմանիայի իշխանությունների թույլտվությամբ ահաբեկչական շոու է կազմակերպվել»,- գրել է Չելիքը:
Նախարարը նաև նշել է, որ այս կերպ Գերմանիայի իշխանությունների կողմից «ահաբեկչության հովանավորումը հարձակում է իրենց սեփական ժողովրդավարության վրա»:
Anadolu գործակալության հաղորդմամբ՝ նախօրեին Գերմանիայի Հյուսիսային Հռենոս-Վեսթֆալիա երկրամասի Քյոլն քաղաքում անցկացված միտինգին մասնակցել է «Քրդստանի աշխատավորական կուսակցության» գրեթե հազար աջակից:
Նշվում է, որ ոստիկանությունը թույլ չի տվել միտինգի ժամանակ օգտագործել Քրդստանի աշխատավորական կուսակցության խորհրդանիշները և պաստառները: Այնուամենայնիվ, ցույցի անդամները կարգախոսներ էին վանկարկում Թուրքիայի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դեմ: