Մանե Թանդիլյանը Հայաստանում աղքատության վերացման խնդիրը կապում է տնտեսական զարգացման հետ
EconomicsԱշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը Հայաստանում աղքատության վերացման խնդիրը կապում է տնտեսական զարգացման հետ: Մայիսի 29-ին լրագրողների հետ ճեպազրույցում նախարարը նշեց, որ Հայաստանում աղքատության խնդիրը բացառապես Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տիրույթում չի գտնվում:
«Աղքատության խնդիրը դա միայն մեր ոլորտի խնդիրը չէ , դա մեր պետության խնդիրն է: Այլ բան է , որ մեր նախարարություն է ուղղակիորեն առնչվում խոցելի խմբերի հետ, բայց դա չի նշանակում, որ խնդրի լուծման տիրույթը բացառապես մեր նախարարությունում է: Սա տնտեսության զարգացման բաղադրիչ պետք է լինի և, կարծում եմ, այդպես են լուծում աղքատության վերացման խնդիրը»,- ասաց Թանդիլյանը:
Թանդիլյանի խոսքով` անգամ նպաստների բարձրացումը չի կարող ենթադրել միանգամից աղքատության նվազում: Նախարարությունն ընդամենը կարող է մեղմացնել աղքատությունը և այդ առումով աշխատանքներ տարվում են:
«Սա տնտեսության զարգացման հարց է և այլ ոչ թե նախարարության, ու մեր գործառույթը պետք լինի այն, որ թիրախային, հասցեական լուծումներ տրվեն, որպեսզի ճիշտ մեղմվի այս իրավիճակը: Մեր նախարարությունը պետք է համագործակցի մնացած կառույցների հետ, ինչպիսին են Կրթության և գիտության, Առողջապահության , Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունները, որպեսզի կարողանանք այնպիսի մոդել ստեղծել, որով աղքատության վերացումը կլինի հետևանք»,- եզրափակեց Թանդիլյանը: