Հայաստանի բնակչության ծերացման տեմպը կրկնակի արագանում է. փորձագետ
SocietyՀայաստանի բնակչության ծերացման տեմպերը արագանում են: Այս մասին մայիսի 31-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՄԱԿ Ազգաբնակչության հիմնադրամի հայկական գրասենյակի (UNFPA) ներկայացուցիչ Ծովինար Հարությունյանը:
Նա արձանագրեց, որ հայերը ծերացող ազգ են, եւ սա լուրջ սպառնալիք է: «60+ տարիքի մարդկանց թիվը կազմում է բնակչության ընդհանուր թվի 12 տոկոսը, եւ միտումը ցույց է տալիս, որ ծերացման տեմպերը կրկնակի արագանում են»,- նշեց մասնագետը:
Նրա խոսքով՝ կյանքի տեւողության աճը եւ առողջ ապրելակերպը համարվում են 21-րդ դարի ձեռքբերումը, սակայն բնակչության ծերացումը հանգեցնում է մի շարք սոցիալական եւ տնտեսական խնդիրների: «Խնդրի լուծման համար անհրաժեշտ է երկրի հասարակական կյանքում հնարավորինս երկար պահպանել թոշակային տարիքի մարդկանց ակտիվությունը եւ ծառայություններ մատուցել, որոնք համապատասխանում են տարեցների կարիքներին, ինչպես նաեւ ապահովել սերունդների համերաշխությունը»,- նշեց Ծովինար Հարությունյանը: