Ովքեր ուզում են արհեստական թանկացումներով ապացուցել, որ ապօրինությունն ավելի լավ է, իրենց վրա կզգան օրինականության ուժը. վարչապետը՝ թանկացումների մասին
EconomicsՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է այսօր հանրապետության մի շարք խանութներում տեղի ունեցած թանկացումներին և կոչ է արել բոյկոտել «թալանչիներին և կոռուպցիոներներին»:
«Նրանք ովքեր ուզում են արհեստական թանկացումներով ապացուցել, թե ապօրինությունն ավելի լավ է, քան օրինականությունը, իրենց վրա կզգան օրինականության համոզիչ ուժը:
Բոյկոտեք թալանչիներին եւ կոռուպցիոներներներին»,- գրել է Փաշինյանը:
Հիշեցնենք, որ Ազգային անվտանգության ծառայությունը կոռուպցիոն և տնտեսական բնույթի հանցագործությունների դեմ պայքարի շրջանակում նախօրեին բացահայտել էր, որ «Ալեքս Հոլդինգ» ՍՊ ընկերությունը խուսափել է խոշոր չափի հարկեր վճարելուց: «Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցում գործունեություն են ծավալել 461 ԱՁ-եր, դրանց մի մասը գրանցվել են առանց քաղաքացիների գիտության:
Այսօր վարչապետին էին դիմել մի շարք սուպերմարկետների ղեկավարներ՝ նշելով, որ խոշոր առևտրային ցանցերի գործունեությունը, այդ թվում գյուղմթերքի գների կայունությունը, հայտնվել է ռիսկի տակ:
Այսօր ժամանակավոր, համաձայնության կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը, անդրադառնալով ԱԱԾ գործողությունների արդյունքում խոշոր սուպերմարկետների՝ ամբողջությամբ հարկային դաշտ գալը թանկացումների բերելու հարցին, նշել էր. «Ժամանակին պայմանավորվածություններ են եղել՝ հենց գների աճից խուսափելու համար: Խնդիրը շատ ավելի պարզ և հասարակ է՝ եթե մենք ասում ենք, որ տնտեսավարողները պետք է գործեն բացառապես օրենքի շրջանակներում, դա նշանակում է, որ գյուղմթերքները և մսամթերքները պետք է գան ԱԱՀ դաշտ: Եթե այդ հարկերի վճարման արդյունքում գնագոյացման աճ կլինի, դա կնշանակի, որ կողքի խանութներն ավելի մրցունակ կլինեն»,- ասել էր Դավիթ Անանյանը: