Իտալիայի նորանշանակ վարչապետն ստանձնել է պարտականություններն ու անցել նոր կառավարության ձևավորմանը
International newsԻտալացի իրավաբան Ջուզեպե Կոնտեն, որը նախկինում քաղաքական պաշտոններ չի զբաղեցրել, ուրբաթ ստանձնել է Իտալիայի վարչապետի պարտականությունները՝ վերջ դնելով շուրջ երեք ամիս տևած քաղաքական անորոշությանը և իշխանության բերելով նոր պոպուլիստական կառավարությունը:
Ինչպես հայտնում է CNN-ը, վարչապետի պաշտոնում Կոնտեի թեկնածությունը հինգշաբթի երեկոյան հաստատել է նախագահ Սերժիո Մատարելան, երբ տարբեր քաղաքական ուժեր ներկայացնող «Լիգա» և «Հինգ աստղ» շարժումները կոալիցիոն համաձայնագիր են կնքել:
Կոնտեի կառավարության կազմում ընդգրկվում են երկու շարժումների առաջնորդները, որոնց երդմնակալության արարողությունը նույնպես կայացել է Իտալիայի նախագահական պալատում:
Նշենք, որ մարտին անցկացված խորհրդարանական ընտրություններից հետո կառավարություն կազմելու փորձերը բազմիցս տապալվել են, քանի որ որևէ քաղաքական ուժ մեծամասնություն չի կազմել խորհրդարանում: