Յուրաքանչյուր մարզ պետք է ունենա բիզնես ծրագրերի փաթեթ. Պապիկյանը ներկայացրեց Տավուշի մարզպետին
SocietyՏարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը Տավուշի մարզպետարանի աշխատակիցներին, հանրապետական գործադիր մարմինների տարածքային կառույցների ներկայացուցիչներին, համայնքների ղեկավարներին է ներկայացրել նորանշանակ մարզպետ Վահե Ղալումյանին։
Նախարար Պապիկյանը, շնորհավորելով նորանշանակ մարզպետին պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, նշել է, որ իշխանությունների առջեւ այժմ ծառացել են նոր մարտահրավերներ եւ յուրաքանչյուրի խնդիրն է, գիտակցելով պահի լրջությունը, գործադրել առավելագույն ջանքեր իրական ժողովրդավարության հասնելու համար: «Մենք պետք է չհիասթափեցնենք մեր հասարակությանը, պաշտոնյան պետք է մշտապես հասանելի լինի հանրության համար: Իրավասություններ ունենալուց զատ, մենք պարտավոր ենք հիշել, որ ունենք նաեւ ՀՀ սահմանադրությամբ եւ օրենքներով ստանձնած պարտավորություններ եւ դա ՀՀ ժողովրդին ծառայելն է»,- շեշտել է Սուրեն Պապիկյանը։
Նախարարն ընդգծելով Տավուշի՝ սահմանապահ մարզ լինելու հանգամանքը` ասել է, որ սահմանապահ համայնքները Հայաստանի Հանրապետության սիրտն են, նրա կենտրոնը, միաժամանակ վստահեցնելով, որ ՀՀ կառավարությունը կանգնած է տավուշցիների թիկունքին եւ կանի հնարավոր ամեն բան` նրանց կյանքն ավելի բարեկեցիկ դարձնելու համար:
Սուրեն Պապիկյանը ներկաների ուշադրությունն է հրավիրել նաեւ մարզպետների հետ հանդիպման ժամանակ վարչապետի կողմից տրված ուղերձին, համաձայն, որի յուրաքանչյուր մարզ պետք է ունենա բիզնես ծրագրերի փաթեթ, որը հնարավորություն կտա ներդրումներ կատարելու ցանկություն ունեցող սփյուռքից Հայաստան ժամանած մեր հայրենակիցներին առաջարկել արդեն պատրաստի բիզնես ծրագրեր։
Նորանշանակ մարզպետ Վահե Ղալումյանը իր պատրաստակամությունն է հայտնել մարզխորհրդի եւ համայնքապետերի հետ միասին հարազատ լինել կառավարության որդեգրած քաղաքականությանն ու նախարարի կողմից հնչեցված ցուցումներին եւ վստահեցրել, որ քսանչորս ժամ հասանելի կլինի մարզի յուրաքանչյուր բնակչի համար։