Այսօր աշխարհը նշում է Ագրեսիայի զոհ դարձած անմեղ երեխաների միջազգային օրը
Society1982 թվականի օգոստոսի 19-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան,«ցնցված լինելով Իսրայելի ագրեսիայի զոհ դարձած անմեղ պաղեստինցի եւ լիբանանցի երեխաների հսկայական թվով», Պաղեստինի հարցով հատուկ արտակարգ նիստին իր բանաձեւով (№ ES–7/8) որոշում կայացրեց յուրաքանչյուր տարվա հունիսի 4-ը նշել որպես Ագրեսիայի զոհ դարձած անմեղ երեխաների միջազգային օր(International Day of Innocent Children Victims of Aggression): Օրը նշվում է 1982 թվականի հունիսի 4-ին Բեյրութի եւ Լիբանանի մի շարք այլ բնակավայրերի վրա իսրայելական օդուժի կողմից առաջին օդային հարձակման տարելիցին, որի ընթացքում մեծ թվով խաղաղ բնակիչներ էին զոհվել, այդ թվում նաեւ` երեխաներ:
Տխուր իրականությունն այն է, որ զինված հակամարտությունների առաջացման դեպքում ռազմական գործողությունների հետեւանքով ամենից շատ տուժում են հասարակության առավել խոցելի անդամները՝ երեխաները: Երեխաների նկատմամբ իրականացվող 6 ամենատարածված իրավախախտումներն են երեխաների հավաքագրումը եւ օգտագործումը ռազմական գործողություններում, սպանությունները, սեռական բռնությունը, առեւանգումները, դպրոցների եւ հիվանդանոցների վրա հարձակումները, ինչպես նաեւ երեխաներին հումանիտար օգնություն տրամադրելու անհնարինությունը: Եվ որպեսզի հանրությունը չմոռանա, որ պատերազմների ժամանակ ոչ միայն զինվորներ են մահանում, ՄԱԿ-ն Ագրեսիայի անմեղ զոհ դարձած երեխաների միջազգային օր հայտարարեց, իսկ այդ օրվա նպատակը ֆիզիկական բռնության, բարոյահոգեբանական եւ հոգեւոր մշակման ենթարկվող աշխարհի բոլոր երեխաների ցավը եւ տառապանքները զգալու փորձն է: Այս օրը հաստատում է ՄԱԿ-ի հանձնառությունը նրանց իրավունքների պաշտպանության հարցում: