Տեղական հանրաքվեի համար ստորագրությունները կարելի է հավաքել ոչ թե 30, այլ 60 օրվա ընթացքում. Փոխնախարար
Society«Տեղական հանրաքվեի մասին» օրենքի նախագիծը միտված է արդյունավետորեն կարգավորել քաղաքացու իրավունքը՝ տեղական մակարդակով իշխանությանը մասնակցելու հարցում: Այս մասին, այսօր՝ հունիսի 6-ին, ԱԺ պետաիրավական եւ մարդու իրավունքների հանձնաժողովում օրինագիծը երկրորդ ընթերցումից առաջ քննարկելիս նշեց Արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանը:
Նրա խոսքով, «Տեղական հանրաքվեի մասին» օրենքի նախագծով տպավորություն էր ստեղծվում, որ հանրաքվեի կարող են դրվել միայն այնպիսի հարցեր, որոնք դրվել են ավագանու քննարկմանը եւ ավագանին մերժել էր կամ չէր քննարկել եւ միայն դրանից հետո բնակիչները կարող են հարցը բարձրացնել հանրաքվեի մակարդակի:
«Մինչդեռ «Հանրաքվեի մասին» օրենքը սահմանում է, որ հարցը կարող է դրվել հանրաքվեի, եթե համապատասխան թվով մարդիկ միանում են հանրաքվեի նախաձեռնությանը: Նախատեսել ենք, որ անկախ հարցը ավագանու նիստին ներկայացնելուց, եթե նախաձեռնությանը բավարար թվով անձինք են միանում, ապա հարցը կարող է միանգամից դրվել հանրաքվեի:
Նաեւ առաջարկվում է նաեւ, որ հանրաքվե նախաձեռնողները ստորագրությունները հավաքեն ոչ թե 30, այլ 60 օրվա ընթացքում»,-ասաց փոխնախարարը:
Նա ընդգծեց, որ նախագիծը մշակելիս հաշվի են առնվել ԱԺ կողմից ընդունված «Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքը. «Սահմանվել է տեղական հանրաքվեի դրվող եւ չդրվող հարցերի շրջանակը, տեղական հանրաքվեի դնելու, այն կազմակերպելու հարցերը: Սահմանվել է, որ տեղական հանրաքվե անցկացնելու նախաձեռնությամբ կարող են հանդես գալ համայնքի բնակիչները, համայնքի ղեկավարը, ավագանին: Հանրաքվե անցակցնելու որոշումը կայացնում է ավագանին, իսկ նշանակելու որոշումը՝ համայնքի ղեկավարը: Ընդ որում, սահմանվել է նաեւ, որ եթե համայնքի ղեկավարը անհրաժեշտ ժամանակում որոշում չկայացնի հանրաքվե նշանակելու մասին, ապա հանրաքվեն նշանակված կհամարվի իրավունքի ուժով»,-ասաց փոխնախարարը: