Նոր կարգարովումներով հետախուզման մեջ գտնվող անձի մեղադրանքը կարող է մեղմացվել առանց նրան գտնելու. Կոստանյան
SocietyԵթե նախաքննություն կատարելիս ծագում է մեղադրանքը փոփոխելու կամ լրացնելու անհրաժեշտություն՝ քննիչը՝ ի տարբերություն գործող օրենքի, պարտավոր է կրկին մեղադրանք առաջադրել: Այս մասին, այսօր՝ հունիսի 6-ին, ԱԺ պետական-իրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի հանձնաժողովում «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ նշեց օրինագիծը ներկայացնող արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանը:
Նրա խոսքով, եթե նախաքննության ընթացքում առաջադրված մեղադրանքի որեւէ մասը չի հաստատվում, քննիչն իր որոշմամբ առաջադրված մեղադրանքի այդ մասը վերացնում է եւ այդ մասին հայտարարում մեղադրյալին:
«Այսինքն՝ վերոհիշյալ դրույթների տառացի մեկնաբանությունը վկայում է, որ քրեական դատավարության օրենսգիրքը նախատեսվում է միայն առաջադրված մեղադրանքը փոփոխելու կամ լրացնելու հնարավորություն:
«Այնինչ, հնարավոր են այնպիսի իրավիճակներ, երբ որպես մեղադրյալ ներգրավված անձի առնչությամբ քննվող գործով ի հայտ գան այնպիսի փաստական տվյալներ, որոնք հիմք տան մեղադրանքը փոփոխելու կամ լրացնելու համար, այդ թվում՝ մեղմացման առումով, սակայն անձին մեղադրանք առաջադրված չլինի՝ վերջինիս հետախուզման մեջ գտնվելու պատճառով: Այս դեպքում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 204-րդ հոդվածով սահմանված կարգով համապատասխան որոշումներ կայացնելու հնարավորության հարցը, առկա օրենսդրական ձեւակերպումների պայմաններում, խիստ վիճելի է եւ կարող է տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք տալ»,-ասաց փոխնախարարը:
Այսպիսով, ըստ նրա, ստացվում է, որ քննիչի եւ հետաքննության մարմնի վերոհիշյալ դատավարական բնույթի պարտականությունները նախատեսված են ոչ թե Օրենսգրքով, այլ ՀՀ կառավարության որոշմամբ, ինչն առերեւույթ հակասում է ՀՀ օրենսդրության պահանջներին:
Պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Գեւորգ Կոստանյանի խոսքով, այս օրինագծով մի կարեւոր հարց է լուծվում. «Գործող օրենսդրությամբ երբ գտնվում է հետախուզման մեջ, նրա մեղադրանքը չես կարող փոխել: Պատկերացնենք անձին մեղադրանք է առաջադրվել՝ ծանր մեղադրանք, բայց քննությամբ պարզվում է, որ ավելի մեղմ արարք է կատարել, բայց մեղադրանքը հնարավոր չէ փոխել, որովհետեւ Քրեական օրենսգրքը սահմանում է, որ մինչեւ անձը չներկայանա, չես կարող մեղադրանքը փոխել: Առաջարկվում է, որ եթե կան փոփոխելու հիմքեր, առանց նրա ներկայության էլ կարելի է փոխել»:
Նախագիծը հանձնաժողովի նիստում հաստատվեց եւ կներկայացվի ԱԺ քննարկմանը: