Գազի Հովոյի տղայի նկատմամբ կիրառված խափանման միջոցը ժպիտ է առաջացնում
SocietyՀեղափոխութան ամենաթեժ օրերին, չորրորդ իշխանության ներկայացուցիչները, մասնագիտական օրինական գործունեություն ծավալելիս՝ վտանգելով իրենց կյանքն ու առողջությունը փորձում էին հանրության դատին ներկայացնել, հանրապետության տարբեր հատվածներում տեղի ունեցող իրադարձությունները:
Հենց այդ ժամանակահատվածում է, որ ի հայտ եկան ժողովրդավարության ալիքից փշաքաղվող, օպերատորի տեսախցիկից ու լրագրողի «միկրոֆոնից» ֆոբիաներ ունեցող տարբեր տրամաչափի Հանրապետական կատարածուներ, որոնք գործի դնելով տարիների ընթացքում կուտակած ռեսուրսը, փորձում էին պայքարել սեփական ժողովրդի, ինչպես նաև լրագրողների դեմ:
Այս կոնտեքստում ամեն ինչ պարզ էր ու հասկանալի՝ ժողովրդին ճնշելու, սեփական աթոռը, բիզնեսն ու հեղինակությունը չկորցնելու համար փողոց էին դուրս եկել թաղային խուժանները, ու դրանց հովանավորները: Նրանք ամենագռեհիկ ձևով էին պայքարում, եւ ամենակարևորն է, որ ոչ թե պետության զարգացման, արդարութան կամ ժողովրդի բարեկեցության, այլ՝ սեփական շահի համար: Իսկ այդ անզիջում պայքարը ֆիքսում ու արձանագրում էին լրագրողները, որոնք էլ ենթարկվում էին տարբեր տեսակի բռնությունների՝ ֆիզիկական ու հոգեբանական:
2018 թվականի ապրիլի 21-ին ,ժամը 15-00-ի սահմաններում ,Երասխ-Երևան մայրուղու Արտաշատ քաղաքի հատվածում «Ազատություն» ռադիոկայանի լրագրող Արուս Յուրիկի Հակոբյանը, կատարելով մասնագիտական իր պարտականությունը, Արթուր Հովհաննեսի Ղազարյանի կողմից ենթարկվել է բռնության:
Գազի Հովոյի որդին՝ Արթուր Հովհաննեսի Ղազարյանը, իհարկե, մեկ անգամ չէ, որ հայտնվել է տարբեր սկանդալային իրավիճակներում, հանրությունը, ինչպես ասում են, վաղուց է խմել նրա «թթվի ջուրը» : Նրա սանձարձակ պահվածքի մասին բազում հետաքրքիր պատմություններ են շրջանառվում, բայց ինչևէ, վերադառնանք բուն թեմային:
Ապրիլի 21-ին, հավանաբար չբավարարվելով իր թիմի «աշխատանքից», Արթուր Ղազարյանը փորձում է անձամբ դուրս գալ «մենամարտի»: Սակայն նկատելով լրագրողին, հասկանալով պահի լրջությունն ու դրա հետևանքները՝ Արթուրը փորձում է խոչընդոտել լրագրողի աշխատանքը՝ ձեռքով հարվածելով Արուսիկ Հակոբյանի ձեռքի տեսախցիկին: Եվ սա դեռ իբր քիչ է, մեկ անգամ էլ հարվածել է լրագրողուհու դեմքին և նրան պատճառել ֆիզիկական ցավ: Փաստորեն իրենց «մաչո» երեւակայողներն այս կերպ են պայքարում փոքրամարմին ու անպաշտպան աղջիկների դեմ:
Ինչպես մեզ հետ զրույցում նշեց ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Սոնա Տռուզյանը՝ դեպքի արթիվ հարուցված քրեական գործով նախաքննությունն ավարտված է, գործն ուղարկվել է դատարան, իսկ ամբաստանյալի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ոչ ավել ոչ պակաս ՝ ստորագրություն, չհեռանալու մասին:
Փաստորեն. նախաքննության ընթացքում գտել են, որ Գազի Հովոյի տղայի նման անձնավորությունը, ով առաջնորդվում է օրենքը ես եմ կարգախոսով, պետք է ազատության մեջ մնա ու վայելի իր առօրյան, իսկ թե ինչ ճնշումներ կարող է գործադրել աղջկա դեմքին հարվածողը, հավանաբար որոշում կայացնողը չի պատկերացրել:
Տեղեկացնենք, որ Գրիգոր Վոլոդյայի Հովհաննիսյանի վարույթում գտնվող գործի առաջին դատական նիստը տեղի կունենա սույն թվականի հունիսի 12-ին, ժամը 15:00 Արարատի և Վայոց Ձորի մարզի ընդհանուր իրավասության դատարանում:
Վստահ ենք, որ տվյալ գործը ԶԼՄ-ներկայացուցիչների ու հանրության լայն շրջանակների հետաքրքրությունը շարժող դատական նիստերի թոփ հնգյակում է լինելու: