«Այդ վտանգն անցել է». Լեւոն Սարգսյանը՝ «Ֆուլ հաուս 2»-ում նկարահանվելու մասին
LifestyleԴերասան Լեւոն Սարգսյանը «Ֆուլ հաուս 2»-ի նոր հերոսն է լինելու: Life.panorama.am-ին դերասանը պատմել է սիրված ու ամենավարկանիշային սիթքոմում ընդգրկվելու եւ իր հերոսի մասին:
«Ամիսներ առաջ Արմեն Պետրոսյանից առաջարկ ստացա նկարահանվել Գոռ Հակոբյանի տեսահոլովակում եւ համատեղ հաջող աշխատանքից հետո ստացա այս հրավերը՝ նկարահանվել «Ֆուլ հաուս»-ում: Անշուշտ, առաջարկը մեծ սիրով ընդունեցի, քանի որ պրոֆեսիոնալ ու մարդկային լավ հատկանիշներով օժտված անձնակազմի հետ պետք է աշխատեի»,- նշեց Լեւոնը:
Դերասանը խոստովանեց, որ մասնագիտությունից ելնելով՝ հետեւում է բոլոր սիթքոմների աշխատանքներին, եւ որակապես ամենաբարձրը միշտ էլ համարել է «Ֆուլ հաուսը»:
Լեւոն Սարգսյանը մարմնավորելու է սիթքոմի սիրված հերոսուհիներից Զառայի եղբորը, ում հետ, պարզվում է, նույն հորից են, բայց տարբեր մայրերից: Այդ մասին Զառան ընթացքում է տեղեկանում եւ սկսվում են նրանց շուրջ իրադարձությունները զարգանալ: Դերասանը մանրամասներ հայտնել չցանկացավ, որպեսզի հեռուստադիտողին հետաքրքիր լինի բացահայտումներ անել:
«Ինձ շատ է դուր եկել կերպարս, վստահ եմ՝ ամեն ինչ շատ լավ է լինելու եւ հույս ունեմ, որ հեռուստադիտողը կսիրի իմ կերպարը»,- նկատեց նա:
Լեւոնի խոսքով՝ նախապատրաստական աշխատանքներն արդեն սկսված են, ներսում առկա ընտանեկան ու ընկերական մթնոլորտի շնորհիվ հաճույքով է աշխատում:
«Մեծ պատասխանատվություն ունեմ, որ սիրված սիթքոմում ես էլ պետք է շարունակեմ ապահովել դրա նկատմամբ մարդկանց վերաբերմունքը: Ինքս հասկանում եմ դրա ողջ ծանրությունը եւ վստահ եմ, որ շատ աշխատելու դեպքում կստանանք ցանկալի արդյունք»,- հավելեց նա:
Լեւոնը արտաքնապես շատ նման է Հովհաննես Ազոյանին: Հենց այդ հանգամանքի պատճառով նրան, որեւէ նախագծում տեսնելը մարդիկ կապում են այդ նմանության հետ: Հարցին, թե նմանությունը չի՞ խանգարում եւ իր անհատականությունը չհաստատելու վախ չի՞ առաջացնում, պատասխանեց.
«Այդ վտանգն ու վախը անցել է դեռեւս «ՏանԴեմ» սիթքոմից: Այդ սիթքոմով մարդիկ ինձ ընդունեցին որպես դերասան Լեւոն Սարգսյան: Ինքս էլ հասկանում եմ, որ նմանությունը ակնհայտ է, այս պահին էլ փողոցով քայլելիս մարդիկ նայում ու խոսում են, բայց նաեւ հաստատ կարող եմ ասել, որ կարծրատիպը կոտրված է: Արմեն Պետրոսյանի հետ էլ համաձայնության ենք եկել, որ ամեն ինչ անելու ենք, որպեսզի «Ֆուլ հաուս»-ում մարդիկ կորցնեն Հովհաննես Ազոյանին տեսնելու զգացումը: Մարդիկ տեսնելու են նոր կերպար՝ նոր ժեստերով ու նոր խաղով»:
Լեւոնն ու Հովհաննեսը նաեւ ոճային նմանություն ունեն, հարցին, թե գուցե խոսակցություններից զերծ մնալու համար նաեւ ոճային փոփոխություն անի, նշեց.
«Այս պահին մազերս ուղիղ են հարդարված, բայց միեւնույն է, մարդիկ նմանեցնում են: Ամեն դեպքում ոճային փոփոխություն սպասվում է, բայց դա կլինի այնպես, որ ինքս ինձնից շատ չհեռանամ»:
Լեւոն Սարգսյանը բացի «Ֆուլ հաուս»-ից զբաղված է նաեւ КВН-ով: Բժշկական համալսարանի թիմի հետ վերջերս խաղացել է Մոսկվայի կենտրոնական լիգայում եւ Սոչիի ամենամյա ֆեստիվալում: Ի դեպ՝ Լեւոնը նաեւ ներգրավված է իրենց խմբի սցենարական աշխատանքներում: