Ներկայացել է ՊՆ աշխատակից եւ ծառայությունից ազատելու համար գումարներ հափշտակել
SocietyՀայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների եւ քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է զինվորական ծառայության հետ կապված տարբեր պատրվակներով, խաբեությամբ առանձնապես խոշոր չափերի գումարների հափշտակության դեպք:
ԱԱԾ-ի տարածած հաղորդագրության մեջ ասվում է.
«Ձեռք բերված նախնական տվյալների համաձայն` ՀՀ քաղաքացի Նվարդ Օսիպյանը, մի շարք քաղաքացիների ներկայանալով որպես ՀՀ ՊՆ զինվորական հոսպիտալի կամ նախարարության վերահսկիչ վարչության աշխատակից եւ չարաշահելով վերջիններիս վստահությունը, նրանց որդիներին պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից ազատելու կամ արդեն ծառայության մեջ գտնվողներին վաղաժամկետ զորացրելու, ինչպես նաեւ հետագա ծառայության նախընտրելի վայր տեղափոխելու պատրվակներով 2017-2018 թթ. պահանջել եւ խաբեությամբ հափշտակել է ընդհանուր առմամբ 9.730.800 ՀՀ դրամին համարժեք 20.400 ԱՄՆ դոլար: Նվարդ Օսիպյանն իրականում որեւէ տեղ չի աշխատել եւ գործընթացների վրա ազդելու հնարավորություններ չի ունեցել:
Դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի («Առանձնապես խոշոր չափերով խարդախություն») հատկանիշներով: Նվարդ Օսիպյանը ձերբակալվել է:
Կատարվում է նախաքննություն:
Նվարդ Օսիպյանի հնարավոր հանցավոր գործունեությունից տուժած քաղաքացիները կարող են դիմել ՀՀ ԱԱԾ քննչական վարչություն` 010-57-93-12 եւ 011-56-27-24 հեռախոսահամարներով: