Հայաստանում արդեն վերամշակվել է 450 տոննա անվադող
Հայաստանում անվադողեր վերամշակող դեռ միակ կազմակերպության աշխատանքի առաջին 4 ամսում արդեն վերամշակվել է 450 տոննա անվադող (մոտ 45 հազար հատ):
Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց «Ամ-Էսկա» պիրոլիզային եղանակով օգտագործված անվադողերի վերամշակում կատարող ընկերության գործադիր տնօրեն և համահիմնադիր Դավիթ Քարամյանը:
Սույն թվականի մայիսից արդեն սկսվել էին կազմակերպության հոսքագծերի մշակումն ու փորձարկումները, իսկ հուլիսին կառավարության համապատասխան որոշումով ընկերությանը տրամադրվեց վտանգավոր թափոնների վերամշակման, վնասազերծման, տեղափոխման, տեղադրման արտոնագիր:
«Զարգացած երկրներում քաղաքացիներն օգտագործած անվադողերը հանձնում են վերամշակող ընկերությանը և որոշակի գումար փոխանցում թափոնը ոչնչացնելու համար, սակայն Հայաստանում թափոնի վերամշակման համար նմանատիպ համակարգի կիրառումը հնարավոր չէ: Այս ճյուղը Հայաստանի համար նոր է, նույնիսկ մասնագետների համար է նոր: Ներկա պահին պահեստավորած ունենք նաև 200 տոննայի կարգի անվադող և շարունակում ենք դրանց հավաքումը: Վուլկանիզացիաներից հին անվադողերի հավաքումը կատարում ենք մեր մեքենաներով: Նաև արդեն կան անհատներ, ովքեր սկսել են հանձնել իրենց հին անվադողերը», - «Արմենպրես»-ին տեղեկացրեց Դավիթ Քարամյանը:
Անվադողեր վերամշակող ընկերության գործադիր տնօրենը նաև հավելեց, որ իրենք արդեն ունեն բանավոր պայմանավորվածություն Զանգեզուրի պղնձամոլիբդենիային գործարանի հետ, որը տարիներ շարունակ կուտակում է հին անվադողերը: Ծրագրվում է տեղափոխել այդ թափոնների ողջ ծավալը՝ հետագա ոչնչացման նպատակով: