Հատկանշական է, որ «Ավրորան» տեղի է ունենում նոր Հայաստանում. Արմեն Սարգսյանը՝ մրցանակաբաշխության եզրափակիչ արարողության մեկնարկին
SocietyԱլեքսանդր Սպենդիարյանի անվան ակադեմիական թատրոնում այս պահին տեղի է ունենում «Ավրորա» մարդասիրական մրցանակաբաշխության եզրափակիչ հանդիսավոր արարողությունը՝ «Ավրորա՝ ի պատիվ 2018թ. դափնեկրի» խորագրով միջոցառումը, որի ընթացում «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիրները և բոլոր հյուրերը կփառաբանեն «Ավրորա» մրցանակի 2018թ. դափնեկրի անօրինակ խիզախությունն ու թողած ազդեցությունը։
Ներկա են ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ու նրա կին Նունե Սարգսյանը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու նրա տիկին՝ Աննա Հակոբյանը, և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ, դեսպաններ, մշակութային և այլ ոլորտների գործիչներ:
Նախագահ Արմեն Սարգսյանը ելույթ ունենալիս նկատեց, որ «ավրորա» նշանակում է արշալույս՝ նոր օր, որը նոր սկիզբ է: Նշեց նաև, որ հատկանշական է, որ «Ավրորայի» հերթական մրցանակաբաշխությունը տեղի է ունենում նոր Հայաստանում, երբ համայն հայությունը և հատկապես երիտասարդությունը ձգտում է դեպի ազատություն, նոր լույս ու նոր երազանք:
«Ցեղասպանության հարվածից հետո մեր ժողովուրդը ուժ գտավ ոչ միայն վերապրել այլ նաև ստեղծել և իհարկե չմոռանալ անցյալը: Ուժեղը նա է, որ իր մեջ պայքարելու, հանդուրժելու ուժ է գտնում: Մրցանակի հիմնադիրները ներդրում են անում հումանիզմի տարածման գործում»,- ասաց նա՝ մատնանշելով, որ այդպես վարվեցին աշխարհի տարբեր կետերում՝ Սիրիայում, Լիբանանում, ԱՄՆ-ում, Ավստրալիայում և այլուր՝ օգնելով ցեղասպանության վերապրածներին շարունակել իրենց կյանքը,- այսօր մենք ձգտում ենք վերադարձնել այն, ինչ ստացել ենք հարյուր տարի առաջ»:
ՀՀ նախագահի խոսքով՝ այս տարվա «Ավրորայի» դափնեկրի անունը Բիբլիական Արարատի փեշին հայտարարելն ուներ իր ուղերձը:
«Մենք մեր պատմությամբ և կամքով, մեր պատմությամբ և կյանքով մասն ենք կազմում աշխարհի, որը փոխադարձ լսելու, հանդուրժելու կարիք ունի»,- ասաց նա: 