Բելառուսն այնուամենայնիվ Ադրբեջանին մատակարարել է «Պոլոնեզ» հրթիռային համակարգերը
International newsԲելառուսն այնուամենայնիվ «Պոլոնեզ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերը մատակարարել է Ադրբեջանին:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական minval.az-ը:
Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը, դեռ 2017թ. այցելել էր Բելառուս, որտեղ Մինսկում ծանոթացել էր «Պոլոնեզի» արտադրման տեխնոլոգիաներին:
Ռուսական «Коммерсант»-ը ապրիլին գրել էր, որ Բելառուսը այս տարվա ընթացքում պատրաստվում է անցնել «Պոլոնեզ»-ի մատակարարման վերաբերյալ արտահանման առաջին պայմանագրի իրականացմանը, և որպես համակարգի հնարավոր պատվիրատու նշվում էր Ադրբեջանը:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հունիսի 11-ին մասնակցել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության հրթիռային զորամասի բացման արարողությանը, և ՊՆ պաշտոնական կայքում զետեղված լուսանկարներում երևում են բելառուսական արտադրության «Պոլոնեզները»:
Փետրվարին «Комсомольская правда Беларусь»-ը գրել էր, որ Հայաստանը թույլ չի տվել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ Բելառուսին «Պոլոնեզ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր վաճառել Ադրբեջանին:
«Մենք ցանկանում էինք Ադրբեջանին վաճառել «Պոլոնեզ»-ներ: Սակայն Հայաստանը՝ ՀԱՊԿ-ում մեր գործընկերը, դեմ էր դրան: Գործարքը չկայացավ»,- հայտնել էր Բելառուսի ռազմական վերլուծաբան Ալեքսանդր Ալեսինը:
Նա հավելել է նաև, որ ամենայն հավանականությամբ Բելառուսը շուտով սկսելու էր ոչ մահաբեր զենքի վաճառքը Հայաստանին:
Այնուամենայնիվ, ինչպես դատում ենք հրթիռային զորամասի բացման ժամանակ արված Իլհամ Ալիևի նկարներից բելառուսական «Պոլոնեզներն» արդեն գտնվում են Ադրբեջանում: