Հեղափոխության հեղինակը էզոթերիստ Լևոն Բաբայանն է. նա կարողանում է կարգավորել նաև եղանակը
LifestyleՄանրամասն՝ ԱՅՍՏԵՂ:
Ես՝ Լևոն Բաբայանս, ուզում եմ հայտարարել հետևյալը.

Ես հանդիսանում եմ էզոթերիկ գիտության տեսաբան և գործնական կիրառող:
Զբաղվում եմ այդ գիտությամբ արդեն 30 տարի:
Ասեմ, որ նման մարդն իր շրջապատում կարող է ստեղծել կամ ստանալ զարմանալի, բացառիկ և ապշեցուցիչ արդյունքներ:
Օրինակ՝ սկզբում ես տարիներով զբաղվել եմ եղանակի կարգավորման հարցերով։ Այո, ես կարողանում եմ կարգավորել նաև եղանակը:
Օրինակ՝ 11 տարի կանխել եմ կարկտահարությունն աշխարհի ամենակարկտահար տարածքում՝ Բյուրականում:
Անցած տարվա տաք ձմեռը նույնպես իմ աշխատանքի արդյունքն է:
Մի քանի տարի՝ 1996թ․, 1998թ․, 2000թ․, 2009թ․ 2017 թվականներին կազմակերպել եմ «Տաք ձմեռ» նախաձեռնությունը:
Տեսնելով, որ հաջողությամբ եմ լուծում իմ առաջ դրված խնդիրները, որոշեցի մտնել նաև քաղաքականության ասպարեզ՝ տեսնելով երկրիս վիճակը և ռեժիմի ակնհայտ դավաճանական պահվածքը:
Քաղաքական ասպարեզում սկսել եմ գործել 2013 թվականից:
Այդ թվականին էլ ստացվեց առաջին հաջողությունը: Խոսքը Րաֆֆու ընտրությունների մասին է: Դրանց արդյունքներից զարմացել էր հենց ինքը՝ Րաֆֆին, նա մի քանի ամիս առաջ էր մասնակցել Ազգային ժողովի ընտրություններին և ստացել էր հինգ տոկոս ձայն, իսկ հիմա նա ստացավ 37 տոկոս ձայն:
Ավաղ, նա չկարողացավ դրանից օգուտ քաղել, այլապես մենք կունենայինք հեղափոխություն հինգ տարի առաջ:
2013թ․ հետընտրական պրոցեսներից հետո ես ձեռնամուխ եղա և աշխատեցի քաղաքացիական հասարակություն ձևավորելու, կայացնելու վրա: Դա տևեց մինչև 2015 թվականը:
Հետո թողեցի անձնական խնդիրների պատճառով:
Ուրեմն՝ ՀՀ 27 տարվա պատմության մեջ երբեք քաղաքացիական հասարակությունն այդքան ըմբոստ չի եղել, որքան 2013-2015 թվականներին:
Որպես ապացույց բերեմ այդ տարիների ըմբոստությունների շարքը.
1) Տարբեր համայնքներում հէկերի կառուցման դեմ պայքարը:
2) 2013թ․ մայիսի 12-ի կարկտահարություններն Արմավիրի մարզում, գյուղացիների պայքարը փոխհատուցման համար, ճանապարհների փակում:
3) Երևանում տրանսպորտի սակագնի հարցը՝ 100-150 դրամ:
4) Ազատամարտիկների ակտիվանալը:
5) «Դեմ եմ», պարտադիր կենսաթոշակների հետ կապված մեծ շարժունը:
6) «Դուրս մեր գրպանից» ավտովարորդների պայքարը:
7) Նաիրիտցիների պայքարն իրենց իրավունքների և աշխատավարձերի համար:
8) Առևտրականների պայքարն իրենց իրավունքների համար:
9) Բաղրամյան և նրա դասերը. ես այսպես եմ կոչում այդ պրոցեսները… «Էլեկտրիկ Երևանն» անհաջող անվանում է… 14 օր ոստիկանությունը չէր կարողանում բացել փողոցը:
10) Գառնի գյուղի բնակչության հաղթանակը վարչապետ Հովիկի նկատմամբ:
Իսկ հիմա անցնենք հեղափոխությանը։
Ես պնդում եմ, որ մեծապես օգնել եմ հեղափոխության կայացմանը կամ տեղի ունենալուն, որից զարմացած է ամբողջ աշխարհը, որի ընթացքում տեղի ունեցան զարմանալի, բացառիկ եղելություններ: Կրկնում եմ՝ դրանց հեղինակը ես եմ: Նիկոլ Փաշինյանն և իր թիմն ապահովեց մարդկային գործոնը, իսկ ահա ես ապահովել եմ հետևյալը.
1) Հենց սկզբից՝ անոստիկան Երևանը: Մենք փակեցինք Փարիզի հրապարակն, ու ոչ մի ոստիկան չընդդիմացավ, և ընդհանրապես, ոստիկանությունը հնարավորինս զգույշ էր:
2) Մարդաշատությունը: Չլինեին այդքան մարդաշատ մեր հավաքները, ոչ մի հեղափոխություն էլ չէր լինի, իշխանությունները կխեղդեին այն, և կամ շարժումն ինքն իրեն կմարեր:
3) Հեղափոխության կուլմինացիան՝ ՀՐԱԺԱՐԱԿԱՆԸ, ընդ որում՝ տասը օր տևեց, կայծակնային արագություն:
4) ՍՍ-ն չէր ուզում հրաժարական տալ, ապացույցը՝ Նիկոլի հետ «Մարիոթում» հանդիպելուց հետո ամեն ինչ խստացնելն էր, նրանց բռնելը:
5) ՀՀԿ-ն դեռ դիմադրում է, հրաժարվեցին նույնիսկ Կարեն Կարապետյանից, բայց տրամաբանությունը հուշում է, որ պետք է խմբվեին նրա շուրջ, որովհետև հիմա նրա ձեռքն էին լծակները:
6) Մայիսի 2-ին ՀՀԿ-ն որոշեց ձայն տալ Նիկոլին, երբ ընդամենը մեկ օր առաջ մերժել էր անհասկանալի պատճառաբանություններով և բացատրություններով:
Այդ ամենը ես կոչում եմ զարմանալի, բացառիկ և ապշեցուցիչ մաս:
Ընդհանրապես, ինչո՞ւմն է իմ ստացած արդյունքների բացառիկությունը։ Այն, որ ես ստանում եմ արդյունքներ, որը, ըստ տրամաբանության, պետք է որ տեղի չունենային, բայց տես, որ այն տեղի է ունենում և զարմացնում մեզ…
Այդքան հեշտ հեղափոխություն ոչ ոք չէր տեսել, նույնիսկ Մահաթմա Գանդին կզարմանար դրա վրա: Դե, նա ամբողջ կյանքն էր ներդրել: Այստեղ ակնհայտ էր այլ ոլորտի ուժերի ազդեցությունները: