Փոխնախարար Փամբուխչյանը մասնավոր հատվածի հետ քննարկել է միջազգային բեռնափոխադրումների ոլորտի խնդիրները
EconomicsՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Արմեն Փամբուխչյանը հունիսի 11-ին ընդունել է միջազգային բեռնափոխադրումներ իրականացնող ընկերությունների ներկայացուցիչներին։
Նրանք իրենց դժգոհությունն են հայտնել հարկային օրենսդրության փոփոխություններով պայմանավորված՝ 2018թ. հունվարի 1-ից միջպետական բեռնափոխադրումների ոլորտի հարկային քաղաքականության վերաբերյալ։
Հայաստանի միջազգային փոխադրողների ասոցիացիայի նախագահ Հերբերտ Համբարձումյանը, հանգամանալից ներկայացնելով իրավիճակը, նշել է, որ օրենսդրական փոփոխությունները բազմաթիվ խոչընդոտներ են առաջ բերել իրենց գործունեության մեջ։ Խոսքը վերաբերում է ավտոտրանսպորտային փոխադրումների հաստատագրված վճարները շահութահարկով փոխարինելուն, ՌԴ փոխադրումներ իրականացնելիս ֆիսկալ կտրոններ ներկայացնելու անհրաժեշտությանը և ճանապարհային վճարների կտրուկ թանկացմանը։
Հանդիպման ընթացքում առաջ են քաշվել նաև այլ հարցեր՝ կապված բեռների քաշի, դրանց տեղափոխման թույլտվությունների, բնապահպանական վճարների, մի շարք այլ խնդիրների շուրջ։ Բեռնափոխադրողներն առաջարկել են նաև ներկայացված խնդիրների լուծման իրենց տարբերակները։
Նախարարի տեղակալ Արմեն Փամբուխչյանը նշել է, որ բարձրացված հարցերը հիմնականում հարկային ոլորտից են։ Սակայն, որպես տրանսպորտի բնագավառի պատասխանատու գերատեսչություն, նախարարությունը միջազգային բեռնափոխադրողների ներկայացրած առաջարկությունները կքննարկի պետական կառավարման շահագրգիռ այլ կառույցների հետ։