Աշոտ Հակոբյանը բարձր է գնահատել դեսպան Նազարուկի դերը հայ-բելառուսական կապերի ամրապնդման գործում
EconomicsՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանը հունիսի 12-ին ընդունել է Հայաստանում Բելառուսի արտակարգ և լիազոր դեսպան Իգոր Նազարուկին: Այս մասին տեղեկացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից:
Նախարարը, բարձր գնահատելով դեսպանի ներդրումը հայ-բելառուսական կապերի ամրապնդման գործում, հույս է հայտնել, որ համատեղ ջանքերով հնարավորություն կլինի խորացնելու երկու երկրների միջև համագործակցությունը: Նա նշել է, որ հայ-բելառուսական դիվանագիտական հարաբերությունների 25-ամյա փորձը լավ հիմք է հետագա արդյունավետ փոխգործակցության համար:
Դեսպանն իր հերթին ընդգծել է գործակցության մակարդակի բարձրացման կարևորությունը՝ համոզմունք հայտնելով, որ դա կարող է ընդգրկել նախարարության պատասխանատվության տակ գտնվող բոլոր ոլորտները:
Կողմերը քննարկել են ավտոմոբիլային փոխադրումների իրավական կարգավորմանը վերաբերող հարցեր: Դեսպանի խոսքով՝ Բելառուսում ԵԱՏՄ անդամ պետությունների համար ավտոմոբիլային փոխադրումներ իրականացնելիս օրենսդրությունը հատուկ թույլտվություն չի նախատեսում:
Իգոր Նազարուկը ներկայացրել է նաև Մինսկի ավտոգործարանի արտադրանքն ու ներուժը, խոսվել է տրանսպորտային ոլորտում համագործակցության հնարավորությունների մասին:
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև երկաթուղային և ՏՏ ոլորտներում գործակցության հեռանկարներին: