Հայտնի է դարձել, թե որքան գումար է Սինգապուրը ծախսել ԱՄՆ-ԿԺԴՀ գագաթնաժողովի կազմակերպման համար
International newsՍինգապուրը 15 մլն դոլար է ծախսել ԱՄՆ և ԿԺԴՀ նախագահների գագաթնաժողովը կազմակերպելու համար: CNBC-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Սինգապուրի վարչապետ Լի Սյանլունը:
Նրա խոսքով՝ Դոնալդ Թրամփի և Կիմ Չեն Ընի բանակցությունների կազմակերպման համար 20 մլն սինգապուրյան դոլար ($15 մլն) է ծախսվել:
«Դա այն ծախսն է, որը մենք պատրաստ ենք վճարել… Այն փաստը, որ մեզ են ընտրել որպես հանդիպման վայր (մենք չենք խնդրել), ինչ-որ բան ասում է կողմերի՝ ԱՄՆ-ի և Հյուսիսային Կորեայի հետ Սինգապուրի հարաբերությունների, ինչպես նաև միջազգային հանրության մեջ մեր կարգավիճակի մասին», - ասել է սինգապուրցի գործիչը:
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ԿԺԴՀ երկար սպասված գագաթնաժողովը կայացել է հունիսի 12-ին: Հանդիպման ժամանակ նախագահները անվտանգության մասին համաձայնագիր են ստորագրել, իսկ այսօր ավելի վաղ Դոնալդ Թրամփը թվիթերյան գրառմամբ հայտարարել էր, որ այլևս միջուկային վտանգ չկա Հյուսիսային Կորեայի կողմից: