Աշխարհում առաջին անգամ վարչապետը կծննդաբերի, դեկրետ կգնա ու կվերադառնա
International newsՆոր Զելանդիայի վարչապետ Ջասինդա Արդեռնը դարձել Է պատմության մեջ ընտրված աշխարհի առաջին ղեկավարը, որը գնացել Է դեկրետային արձակուրդ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունիսի 14-ին գրում Է Time-ը:
Նոր Զելանդիայի կառավարության 37-ամյա ղեկավարն ուղեւորվել Է տուն՝ Օքլենդ, որպեսզի նախապատրաստվի իր առաջին ծննդաբերությանը, որը, բժիշկների կանխատեսմամբ, սպասվում Է հունիսի 17-ին: Դրանից հետո նա վեց ամսով արձակուրդ կգնա երեխային խնամելու համար:
Արդեռնն իր հղիության մասին հայտարարել Էր հունվարին: «Ես միաժամանակ աշխատող եւ երեխա դաստիարակող առաջին կինը չեմ: Ես հասկանում եմ, որ իմ իրավիճակն առանձնահատուկ Է, բայց ես գիտեմ, որ բազմաթիվ կանայք ինձնից շատ առաջ գլուխ են հանել աշխատանքը եւ մայրությունը համատեղելուց,-ասել Է նա մամուլի ասուլիսում:-Ես ընդամենը հղի եմ, այլ ոչ թե գործունակությունս եմ կորցրել»:
Մինչ այդ նա նաեւ հայտարարել Է, թե անընդունելի Է համարում գործատուների այն հարցը, թե աշխատակցուհին պատրաստվում Է արդյոք ծննդաբերել պաշտոնավարելիս:
Ինչպես գրում Է հրատարակությունը, Նոր Զելանդիան ամենահաջողակ պետություններից մեկն Է գենդերային հավասարության համար պայքարում: Արդեռնից առաջ կառավարության ղեկավարի պաշտոնն զբաղեցրել են երկու կանայք՝ Հելեն Քլարկը եւ Ջենի Շիպլին: Բացի այդ, երկրում գրանցված Է կանանց եւ տղամարդկանց աշխատավարձերի ամենափոքր տարբերությունը:
Արդեռնից առաջ 1990 թվականին դեկրետային արձակուրդ Է գնացել Պակիստանի նախկին վարչապետ Բենազիր Բհուտոն: Ապրիլին ամերիկացի սենատոր Թեմմի Դաքուորթը դարձել Է Կոնգրեսի վերին պալատի առաջին անդամը, որը ծննդաբերել Է պաշտոնավարության ընթացքում:
Ջասինդա Արդեռնը Նոր Զելանդիայի վարչապետն Է դարձել 2017 թվականի աշնանը: Նա Լեյբորիստական կուսակցութըյան առաջնորդն Է: Քաղաքական գործիչը քանիցս հիշատակել Է իր ֆեմինիստական հայացքների մասին: