ԱԱԾ-ի գործողությունները «Երևան» հիմնադրամում դիտարկում ենք առնվազն ձևի առումով ոչ համաչափ, կարող է լինել քաղաքական շարժառիթ. Է. Շարմազանով
SocietyԱԱԾ-ի գործողությունները «Երևան» հիմնադրամում մենք դիտարկում ենք առնվազն ձևի առումով ոչ համաչափ:
ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
«Մտահոգություն ենք հայտնում այդ գործողություններում հնարավոր քաղաքական շարժառիթների վերաբերյալ և չենք բացառում դրանց հավանականությունը: Մենք՝ որպես քաղաքական ուժ, բացարձակապես օրինականության կողմնակից ենք և ուշի ուշով հետևում ենք գործընթացին: Սա 37 թիվը չէ. չեմ կարծում, որ եթե հրավիրեին պաշտոնյաներին կամ փաստաթղթեր խնդրեին, առանց դիմակներով ներխուժման չկարողանային մեր հարգարժան գործընկներն այս ամենը ստանալ: Ամեն ինչ պետք է լինի իրավունքի սահմաններում, բայց ձևը համաչափ չէ»,- ասաց նա:
Հարցին, թե ինչպես է գնահատում Աշխատանքի նախարարի պաշտոնից Մանե Թանդիլյանի հրաժարականը և ընդհանրապես կադրային որոշ նշանակումների հետ կապված քննադատությունները, Էդուարդ Շարմազանովը նշեց, որ ինքը Մանե Թանդիլյանի հրաժարականի հետ կապված իր կարծիքն արտահայտել է՝ նրա ցանկացած որոշման հարգանքով է վերաբերվում:
Ինչ վերաբերում է կադրային քաղաքականությանը, ապա ՀՀԿ խոսնակը նկատեց, թե չկա մի կառավարություն, որի բոլոր նշանակումները ծափահարություններով ընդունվեն, և նորմալ է, որ որոշ նշանակումների նկատմամբ կա քննադատական վերաբերմունք:
Շարմազանովը միայն ԲՈՀ-ի նախագահ Լիլիթ Արզումանյանի՝ պաշտոնից հեռացվելու որոշմանը անդրադարձավ՝ նշելով, որ լավ է ճանաչում ԲՈՀ-ի նախկին ղեկավարին, ով լուրջ բարեփոխումներ է իրականացրել այդ ոլորտում և նաև պրոֆեսիոնալ է, հայրենասեր ու անաչառ:
«Բայց կա նոր կառավարություն, և նրանք են որոշում՝ ում հետ աշխատել, ում հետ՝ ոչ: ԲՈՀ-ի նոր ղեկավարի նկատմամբ աժիոտաժն արհեստական է, պաշտոնյայի մասին կարծիք պետք է կազմենք ոչ թե ֆեյսբուքյան նկարներով, այլ աշխատանքներով: Կլինի աշխատանքը՝ հանրությունը գնահատականը կտա»,- ասաց նա: