Պետական կամերային երաժշտական թատրոնի խաղացանկը համալրվեց «Տերն ու ծառան» երաժշտական ներկայացմամբ
CultureՀովհաննես Թումանյանի «Տերն ու Ծառան» սիրված հեքիաթում փոս փորողը ինքն է փոսն ընկնում: Այն խորհուրդ է տալիս չշահագործել մարդկանց, լինել ազնիվ և շիտակ: Այս ստեղծագործության հիման վրա բեմադրված համանուն պայծառ, լուսավոր, երաժշտական մանկական ներկայացման առաջնախաղը տեղի ունեցավ հունիսի 16-ին Պետական կամերային երաժշտական թատրոնում:
«Թումանյանի հեքիաթները, բալադները և առհասարակ նրա ստեղծագործությունները ներկայացումներ բեմադրելու շարժառիթ են, պարզապես պետք է կարողանալ դրանք այնպես վերլուծել, վերաբեմականացնել, որ մեկ և կես էջանոց հեքիաթը դառնա մեկ և կես ժամանոց ներկայացում: Կարելի է որոշ մասեր հորինել` հավատարիմ մնալով Թումանյանին»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց դերասան, ՀՀ վաստակավոր գործիչ, ներկայացման բեմադրիչ Վիգեն Ստեփանյանը:
Նա հավելեց`այս բեմադրության մեջ ամեն բան հարազատ է Թումանյանի ոճին տեսակին:
Նունուֆարին մարմնավորած դերասանուհի Կարինե Ծատուրյանի խոսքով` ներկայացումը շատ արդիական է: «Թումանյանը մեծ շեշտադրում չի կատարել Նունուֆարի կերպարի վրա, բայց Վիգեն Ստեփանյանը մայրիշխանության պատկեր է ստեղծել` ցույց տալով, որ ամեն բան կնոջ ձեռքի տակով է անցում, սակայն ի վերջո կարևոր խոսքը ասում է տղամարդը` Կարապետ աղան, և ազնվորեն խոստովանում, որ փոս փորողն ինքն է ընկնում փոսը»,-նշեց դերասանուհին:
Նա ասաց, որ Վիգեն Ստեփանյանի հետ աշխատելը բարդ էր, բայց խոստովանեց, որ լավ է նման բեմադրիչի հետ համագործակցելը, հաճախ չհամաձայնելը և արդյունքում հետաքրքիր ներկայացում ստանալը:
«Պատիվ ունեցաք երկրորդ անգամ աշխատել Վիգեն Ստեփանյանի հետ: Ոչ միայն գործընթացն է հետաքրքիր, այլև այն, որ կարողանում ենք ինչ-որ բան սովորել բեմադրիչից»,-փաստեց գլխավոր դերակատար` Կարապետ աղային մարմնավորած դերասան Արթուր Պետրոսյանը:
Նա համաձայնեց իր գործընկերուհու այն կարծիքին, որ «Տերն ու ծառան» մերօրյա ներկայացում է: «Ամենայն հայոց բանաստեղծի գրած հեքիաթն է և այլ կերպ լինել չէր կարող»,-շեշտեց նա:
Անդրադառնալով իր մարմնավորած հերոսին` դերասանը նշեց, որ Կարապետն այն տղամարդկանցից է, որոնք շատ վատ իրավիճակում են հայտնվում` գերագնահատելով իրենց կանանց: «Խաղում եմ այն ուղերձով, որ անպայման անհրաժեշտ է ինքդ քեզ գնահատել»,-եզրափակեց Պետրոսյանը:
Ներկայացումը բեմադրվել է Հովհաննես Թումանյանի 150-ամյակին ընդառաջ, ՀՀ Մշակույթի նախարարության աջակցությամբ: