Եռյակը դեռևս չի հստակեցրել անելիքը
Եռյակի նիստն անցել է կառուցողական մթնոլորտում: Նիստի ընթացքում ծավալվել են արդյունավետ քննարկումներ: Այս մասին նիստի ավարտից հետո լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանը: «Քննարկել ենք կազմակերպչական, ինչպես նաև շարժման բովանդակցության հետ կապված հարցեր:
Կազմակերպչական մասը վերաբերել է մեր կողմից հանրապետության ողջ տարածքով շարժումը համակարգող շտաբների ստեղծմանը, իսկ բովանդակային մասով քննարկել ենք մեր հետագա անելիքները»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Մարգարյանը:
Նա ընդգծեց, որ այսօրվա նիստում իրենք վերջնականապես չեն հստակեցրել իրենց հետագա անելիքները, քանի որ եռյակի անդամ կուսակցությունները ներքին քննարկումների խնդիր ունեն: «Կուսակցությունները վաղը ներքին կարգով կքննարկեն բոլոր հարցերը, որից հետո արդեն մյուս օրը եռյակը նիստ կգումարի: Այդ ժամանակ մենք վերջնականապես կհստակեցնենք մեր անելիքները»,- վստահեցրեց պատգամավորը:
Հարցին, թե ինչն է եռյակին խանգարել, որ այսօր հստակեցնեին հետագա անելիքները, պատգամավորն ընդգծեց, որ թե՛ շտաբերի ձևավորման, թե՛ հետագա անելիքների առումով կուսակցություններում առանձին քննարկումների անհրաժեշտություն կար: «Միակ պատճառը դա էր, և ես վստահեցնում եմ, որ մենք վաղը չէ մյուս օրը կհստակեցնենք մեր հետագա անելիքները»,- նշեց նա: