Էրդողանը կոչ է արել ձայն տալ իրեն ընտրություններում՝ Արևմուտքին «դաս տալու» համար
International newsԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կոչ է արել ժողովրդին «դաս տալ» Արևմուտքին՝ հունիսի 24-ին կայանալիք նախագահական ու խորհրդարանական արտահերթ ընտրություններում աջակցելով իշխանություններին։
«Արևմուտքն անհամբեր սպասում է հունիսի 24-ի ընտրությանը։ Ի՞նչ են ուզում նրանք տեսնել։ Էրդողանի պարտությունը։ Դուք պատրա՞ստ եք նրանց դաս տալ։ Ես հավատում եմ, որ դուք դաս կտաք նրանց», - ասել է Էրդողանը, գրում է «Հյուրրիյեթ» պարբերականը։
Հիշեցնենք, որ Թուրքիայում ընտրություններին ընդառաջ դաշինք է կազմվել երկրի գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող Ժողովրդահանրապետական, Մերալ Աքշեների «Լավ» կուսակցության, ինչպես նաև երկրում գործող Դեմոկրատական ու «Երջանկություն» կուսակցությունների միջև։
Ըստ ձեռք բերված համաձայնության՝ ընտրությունների առաջին փուլում ընդդիմադիր կուսակցություններից յուրաքանչյուրն առաջադրելու է իր թեկնածուին, իսկ երկրորդ փուլում բոլորը պետք է աջակցեն նրանցից ամենաշատ ձայներ ստացած թեկնածուին: