Հովիկ Մուսայելյանը Հայաստանում բարձր տեխնոլոգիաների զարգացմանն այլընտրանք չի տեսնում
EconomicsՀայաստանն այլընտրանք չունի, քան բարձր և տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացումն է: Այսպես է կարծում «Սինոփսիս Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն Հովիկ Մուսայելյանը: Այս մասին նա բարձրաձայնեց վերազգային ընկերություն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցի ընթացքում:
«Այն երկրները, որոնք այսօր համարվում են զարգացած, որոնք վերջին տասնամյակներում ունեին աղքատության բարձր ցուցանիշներ, բեկումնային զարգացումներ են ունեցել ՏՏ ոլորտի զարգացման շնորհիվ: Այդ երկրներում կառավարությունները կարողացան ստեղծել այնպիսի բարենպաստ պայմաններ, որ վերազգային կազմակերպությունները բացեցին իրենց ստորաբաժանումները և սկսեցին զարգացնել այդ երկրների տեխնոլոգիական ենթակատուցվածքները»,- ասաց Հովիկ Մուսայելյանը:
Նա նկատեց, որ յուրաքանչյուր ինժեներ ստեղծում է 5-8 աշխատատեղ սպասարկման ոլորտում: Այս տեսանկյունից, «Սինոփսիս Արմենիան», որն ունի 1000 աշխատակից, տարիների ընթացքում անուղղակիորեն ստեղծել է 5-8 հազար նոր աշխատատեղ սպասարկման ոլորտում:
«Եթե մեր երկրում այնպիսի բարենպաստ պայմաններ ստեղծվեն, որ այսպիսի 10 վերազգային կազմակերպություն մտնի Հայաստան, այստեղ արդեն խոսք կարող է գնալ 80 հազար նոր աշխատատեղի մասին»,-հավելեց մասնագետը:
Բացի այդ՝ ըստ Մուսայելյանի, վերազգային ընկերություններից ամենաքիչն է տեղի ունենում ուղեղների արտահոսք: Նա նկատեց, որ ոլորտի զարգացումը կարող է շեշտակի առաջընթաց ապահովել ռազմարդյունաբերության ոլորտում, կիբեր անվտանգության համակարգերի և կիբեր զորքերի կազմավորման տեսանկյունից։
«Մենք վաղուց ենք ապացուցել, որ բավականին տաղանդավոր ազգ ենք. սա անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայման է: Մենք պետք է առանց ժամանակ կորցնելու սկսենք համազգային շարժում ազգն ավելի ստեղծագործ դարձնելու առումով։ Իսկ դրա համար անհրաժեշտ է որակյալ կրթական համակարգ»,-ասաց Հովիկ Մուսայելյանը:
Նա նշեց, որ աշխատելու են Կրթության և գիտության նախարարության հետ, արդեն իսկ ունեն պայմանավորվածություններ, որ միջազգայնորեն ընդունված կրթական մոդելները կիրառելի դառնան նաև Հայաստանում, թղթի վրա չմնան: