Թուրքիայում 2 զինծառայող մահացել է ՔԲԿ-ի կազմակերպած պայթյունի հետևանքով
International newsԹուրքիայի հարավ-արևելքում՝ Շիրնակ նահանգում, երկու զինծառայող մահացել է և երեքը վնասվածքներ են ստացել պայթյունի հետևանքով, որը կազմակերպել են երկրում արգելված Քրդական Բանվորական կուսակցության անդամները: Այս մասին РИА Новости-ին տեղեկացրել է Թուրքիայի Զինված ուժերի գլխավոր շտաբը:
«Հունիսի 19-ին Շիրնակ քաղաքի մոտակայքում անջատողական ահաբեկչական կազմակերպության տեղադրած ինքնաշեն սարքի պայթյունի հետևանքով մահացել է երկու և վիրավորվել երեք մարտական ընկեր»,- ասվում է հաղորդագրությունում:
Նշվում է, որ 2015 թվականի հուլիսին Թուրքիայում Քրդական Բանվորական կուսակցության հետ զինված հակամարտության վերսկսումից հետո քուրդ ապստամբների հարձակումների հետևանքով մահացել է մոտ 1000 զինվորական ու ոստիկան, ինչպես նաև՝ 500 քաղաքացիական անձ:
Թուրքիայի պաշտպանության նախարարության տվյալների համաձայն՝ այս ընթացքում անվտանգության ուժերը չեզոքացրել են ՔԲԿ-ի ավելի քան 10 հազար անդամի: