Երևանում ՍԾՏՀ ԱԳՆ-ների խորհրդի նիստին կմասնակցեն նաև Ադրբեջանի և Թուրքիայի ներկայացուցիչները
EconomicsԵրևանում կայանալիք Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության արտգործանախարարների խորհրդի նիստին կմասնակցեն նաև Ադրբեջանի ու Թուրքիայի ներկայացուցիչները:
Հունիսի 27-ին նախատեսված նիստին մասնակցելու նպատակով Հայաստան կժամանեն կառույցի բոլոր անդամ երկրների պատվիրակությունները: Կազմակերպության անդամ են Հայաստանը, Ալբանիան, Ադրբեջանը, Բուլղարիան, Վրաստանը, Հունաստանը, Մոլդովան, Ռումինիան, Ռուսաստանը, Սերբիան, Թուրքիան և Ուկրաինան:
ՍԾՏՀ առաջնայնություններն են՝ առևտուր եւ տնտեսական զարգացում, բանկային գործ և ֆինանսներ, հեռահաղորդակցություն, էներգետիկա, տրանսպորտ, գյուղատնտեսություն և գյուղատնտեսական արդյունաբերություն, առողջապահություն և դեղագործություն, բնապահպանություն, զբոսաշրջություն, գիտություն և տեխնոլոգիաներ, վիճակագրական տվյալների և տնտեսական տեղեկատվության փոխանակում, մաքսային և սահմանային այլ մարմինների միջև համագործակցություն, պայքար կազմակերպված հանցավորության, թմրանյութերի, զենքերի և ռադիոակտիվ նյութերի անօրինական ներկրման, ահաբեկչության և անօրինական արտագաղթի դեմ, արտակարգ իրավիճակների հետեւանքների վերացում, փոքր և միջին ձեռնարկատիրություն, կրթություն, ինստիտուցիոնալ վերազինում և կառավարում: Կազմակերպությունը կոչված է տնտեսական համագործակցության միջոցով ամրապնդելու կայունությունը Սևծովյան տարածաշրջանում և այն վերածելու բարգավաճման գոտու: Կազմակերպության աշխարհագրությունը ծածկում է մոտ 20 միլիոն քառակուսի կիլոմետր տարածք` ընդգրկելով երկու մայրցամաքներում գտնվող Սևծովյան, Բալկանյան և Կովկասյան երկրներ և ներկայացնելով դրանց մոտ 350 միլիոն բնակչությունը: ՍԾՏՀ տարածաշրջանը, որը հարուստ է նավթով և գազով, ինչպես նաև այլ բնական պաշարներով, աստիճանաբար վերածվում է Եվրոպայի ամենակարևոր տրանսպորտային և էներգետիկ փոխադրումների միջանցքներից մեկը: Անդամ երկրների միջև տարեկան առևտրի ծավալը կազմում է ավելի քան 300 միլիարդ ԱՄՆ դոլար:
ՍԾՏՀ անդամ երկրների Արտաքին գործերի նախարարների խորհուրդը հանդիսանում է կազմակերպության շրջանակում որոշումներ կայացնող գերագույն մարմինը: Խորհրդի հերթական հանդիպումները գումարվում են տարեկան երկու անգամ` մայիսին/հունիսին և նոյեմբերին/դեկտեմբերին, անհրաժեշտության դեպքում գումարվում են նաև հատուկ կամ ոչ-պաշտոնական հանդիպումներ: Խորհրդի հանդիպումները գումարվում են ՍԾՏՀ անդամ երկրներում այբբենական կարգով և կարգավորվում են ՍԾՏՀ Նախագահության կողմից: Նախագահությունն իրեն հերթին կարգավորվում է նույն սկզբունքով: Նախագահության ժամկետը տևում է վեց ամիս` սկսած յուրաքանչյուր տարվա հունվարի և հուլիսի 1-ից: