Վաշինգտոնում հայկական մշակույթի փառատոն կանցկացվի
CultureԱմերիկյան Սմիթսոնյան ինստիտուտի մշակութային կենտրոնի նախաձեռնությամբ Վաշինգտոնի կենտրոնական այգում հունիսի 27-ին կմեկնարկի հայկական ֆոլկլորային փառատոնը:
Ինչպես հայտնում է Asbarez-ը, 10-օրյա փառատոնի ընթացքում տասնյակ արտիստներ, դիզայներներ, խոհարարներ կներկայացնեն իրենց արվեստը, իսկ հյուրերը տարբեր ներկայացումներ դիտելու հնարավորություն կունենան: Փառատոնի շրջանակներում կներկայացվեն հայկական ավանդույթներն ու մշակութային յուրահատկությունները:
Քանի որ հյուրասիրությունը հայկական մշակույթի անբաժանելի մասն է կազմում, հնարավորություն կստեղծվի տոնակատարության ժամանակ խոհարարական դասերի մասնակցել և պատրաստել ղափամա, գաթա, լավաշ և այլ ուտեստներ:
Բացի այդ, փառատոնի շրջանակներում երկու 3D վիրտուալ շրջագայությամբ այցելուներին կցուցադրվի Հայաստանի տեսարժան վայրերից մի քանիսը, որոնց թվում՝ Արենի քարանձավն ու Նորավանքը: