Վիգեն Քոչարյանն ընդունել է Թմրամիջոցների վերահսկողության կոմիտեի խորհրդի անդամ Գալինա Կորչագինաին
SocietyՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանը հունիսի 25-ին ընդունել է Թմրամիջոցների վերահսկողության կոմիտեի (INCB) խորհրդի անդամ Գալինա Կորչագինաի գլխավորած աշխատանքային խմբին: Այս մասին«Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են Հայաստանի Հանրապետությունում թմրամիջոցների և հոգեմետ նյութերի դեմ պայքարի ոլորտին առնչվող իրավակարգավորումներին: Մասնավորապես՝ փոխնախարար Քոչարյանը ներկայացրել է տարբեր պետական հաստատությունների գործառույթները թմրամիջոցների և հոգեմետ նյութերի շրջանառության վերահսկողության ոլորտում և ներկայացրել դրանք կարգավորող իրավական ակտերը՝ ընդգծելով, որ իրավակարգավորումները մշտապես թարմացվում և կատարելագործվում են՝ կապված նոր ի հայտ եկող հոգեմետ նյութերի առկայությամբ:
Գործընկերների հարցմամբ Վիգեն Քոչարյանը ներկայացրել է նաև Քրեական նոր օրենսգրքի համապատասխան կարգավորումները՝ նշելով, որ այդ փոփոխություններն առավել մարդակենտրոն են և միտված են կանխարգելիչ արդարադատության իրականացմանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև ապօրինի թմրաշրջանառության հանցակազմի առկայության դեպքում պատժի անխուսափելիության ապահովման նպատակով տարբեր երկրների միջև դատապարտյալների փոխանակման շրջանակներում պատժաչափերի համաչափության խնդիրներին, ինչպես նաև անդրադարձ է կատարվել ոլորտի գործունեությունը համակարգելու առավել գործուն մեխանիզմների ներդրմանն առնչվող մի շարք այլ հարցերի: